Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է «Էկո սերվիսի» աշխատակից Դևի Մեզուրնիշվիլիին. վերջինս Վակեի այգում կատարված ողբերգության ժամանակ երկու երեխայի է փրկել։
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Դևի Մեզուրնիշվիլիին։
«Ես ողջ կյանքում երախտապարտ կլինեմ քեզ», — ասել է Կալաձեն։
Երկու դեռահասներին շատրվանների ավազանից դուրս է բերել հենց Վակեի այգու գլխավոր այգեպան Դևի Մեզուրնիշվիլին։ Մեզուրնիշվիլիի խոսքով՝ այդ պահին նա միայն մտածում էր երեխաներին փրկելու մասին։
«Դա հերոսություն չէր, ես արեցի այն, ինչ կարողացա, ոչ ավելին։ Երջանիկ կլինեի, եթե աղջիկը ևս ողջ լիներ։ Ես անընդհատ լաց եմ լինում՝ հիշելով այդ օրը»,- ասել է Մեզուրնիշվիլին Կալաձեի հետ հանդիպմանը։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին 13-ամյա երկու տղաներ Վակեի այգու նորաբաց շատրվան էին մտել` այնտեղ ընկած գնդակը հանելու համար և հոսանքահարվել էին. այս պահին երկուսն էլ դուրս են գրվել կլինիկայից։ 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին ջուրն էր մտել՝ օգնելու ընկերներին, վերջինս, սակայն, մահացել է հոսանքահարման հետևանքով: