Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) քաղաքացիներին զգուշացնում է զգոն լինել ինտերնետում ֆինանսական կամ անձնական տվյալները նշելիս։
ԱԲ-ի փոխանցմամբ, հաճախակի են դարձել դեպքերը, երբ ԱԲ-ի անունից օգտատերերին առաջարկում են մասնակցել խաղարկությունների՝ որոշակի դրամական կամ այլ մրցանակներ շահելու խոստումով՝ տարբեր կայքերում իրենց անձնական տվյալները լրացնելու դիմաց։
Ըստ ԱԲ-ի, Ազգային բանկը նման առցանց խաղարկություն չի կազմակերպում:
«Մի քանի դեպքերում վիճակախաղի մասին տեղեկությունը տարածվել է նաև Ազգային բանկի անունից։ Օգտատերերին խրախուսում են այդ առաջարկներն ուղարկել ուրիշներին: Ընդգծում ենք, որ Ազգային բանկը նմանօրինակ առցանց խաղարկություն չի կազմակերպում։
Ազգային բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` հատուկ ուշադրություն և զգուշություն ցուցաբերել ինտերնետում ֆինանսական կամ անձնական տվյալներ նշելիս, նախևառաջ ճշտել և ուշադիր հետևել կայքի հասցեին, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն, փնտրել հավաստիության վերաբերյալ տվյալներ»,- նշված է ԱԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: