Վրաստանի հանրային ռեգիստրի 2020 թվականի վերջին տվյալներով՝ Թբիլիսիի շատրվանների բարեկարգման և շահագործման աշխատանքներ իրականացնող «Էկոսերվիս Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Թբիլիսիի քաղաքապետարանն է, իսկ տնօրենը՝ Վախթանգ Նոզաձեն։
2021 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության ակտիվները կազմել են 13 մլն 712 հազար 577 լարի։ Բացի այդ, ըստ ֆինանսական հաշվետվությունների, անցյալ տարի ընկերությունը ստացել է 16 մլն 629 հազար 887 լարիի եկամուտ, իսկ ընդհանուր շահույթը կազմել է 1 մլն 267 հազար 470 լարի։
Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության տվյալներով՝ «Էկոսերվիս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին, ընկերության գործունեության հիմնական ոլորտը Թբիլիսիի այգիների, կանաչ տարածքների, շատրվանների և խմելու ջրի սնկերի պահպանումն է, ինչպես նաև ծառերի էտումը և հիվանդ բույսերի սանիտարական հատումը:
«Թբիլիսյան շատրվաններ» ընկերության հիմնադիր, քանդակագործ Իրակլի Ժվանիան Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության հետ կապված գրել է, որ «Էկոսերվի գրուպ» ՍՊԸ-ն, որը պատասխանատու է Թբիլիսիի շատրվանների պահպանման համար, պատշաճ կերպով չի ստուգել շատրվանների աշխատանքը։
Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, որի հետևանքով մահացավ 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին, հնչեցին ցավակցական հայտարարություններ, զուգահեռ քաղաքական գնահատականներ տրվեցին՝ իրողությունն անվանելով «Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և քաղաքապետարանի կոռումպացված աշխատանքի արդյունք»:
Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական շնչառության սարքին:
Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:
Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զոարաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։