Նման ողբերգությունը չպետք է կրկնվի. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքելով Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն ասել է, որ նման դեպքերը չպետք է կրկնվեն, և ոչ ոք չպետք է վերապրի այն:

«Անհնար է բառեր գտնել տեղի ունեցածի մասին խոսելու համար: Ես խորապես ցնցված եմ տեղի ունեցածից և կիսում եմ երեխայի ծնողների, ընտանիքի անդամների և ողջ Վրաստանի ցավը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:

Ցավալի լուրին արձագանքեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր և քաղաքական շրջանակներ:

Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտումը, որը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։

Վերլուծաբանները միաձայն են. հոսանքահարված աղջնակի մահվան մեղավորն իշխանություններն են