Հունվարի 19-ին Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Ջրօրհնեքի արարողությունը: Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի է ունենալու նաև Համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի կողմից իրականացվող թվով 47-րդ համընդհանուր մկրտությունը:
Պատրիարքարանից «interpressnews» լրատվականին փոխանցել են, որ Վրաց եկեղեցու հովվապետը կմկրտի ավելի քան 770 երեխայի: Սամեբա տաճարում երեխաների 47-րդ ն մկրտությունը կանցկացվի օրվա երկրորդ կեսին։Մկրտվածները եկեղեցու կողմից որպես նվեր կստանան մկրտության վկայականն ու մկրտման խաչ:
Նույն օրը ժամը 20:00-ին Իլիա 2-րդը քարոզով կդիմի հավաքվածներին:
Այսօրվա դրությամբ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը ավելի քան 30 հազար երեխաների կնքահայրն է: Վրաց պատրիարք-կաթողիկոսը մի քանի տարի առաջ էր հայտարարել ընտանիքում երրորդ և հետագա երեխաներին մկրտելու պատրաստակամության մասին։ 2008 թվականից նրա կողմից անցկացվող զանգվածային մկրտությունը միտված է Վրաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: