Հունվարի 18-ին ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) եւ Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը (CRRC) ներկայացրել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում անցկացրած հանրային կարծիքի հետազոտության քաղաքական մասը:
Հետազոտության համաձայն, հարցվածների մեծամասնությունը՝ 47 տոկոսը, այն կարծիքին է, որ 2012թ․և 2016թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ճնշման փաստեր չեն արձանագրվել: Սակայն, հարցվածների 17 տոկոսը գտնում է, որ 2012թ․ ընտրությունների ժամանակ ավելի շատ ճնշումներ են գործադրվել, քան 2016թ․: 10 տոկոսի կարծիքով, խորհրդարանական երկու ընտրությունների ժամանակ էլ ճնշումների դեպքերը հավասար են եղել: Միայն 11 տոկոսն է գտնում, որ անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների ընթացքում գործադրված ճնշումնների թիվն անհամամետ մեծ էր:
Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանի գործունեությանը, NDI-ի կողմից հարցվածների 42 տոկոսը վստահ է, որ նախորդի համեմատ 9-րդ գումարման խորհրդարանն ավելի արդյունավետ կաշխատի: 30 տոկոսի կարծիքով օրենսդիր մարմնի աշխատանքում ոչիչնչ չի փոխվի, 8 տոկոսի համար այն կլինի ավելի վատը, քան նախկինն էր։
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության համաձայն, հարցվածների մեծամասնությունը՝ 40 տոկոսը, առավել հոգեհարազատ է համարում խորհրդարանական ընտրությունների միջոցով արդեն երկրորդ անգամ իշխանության եկած «Վրացական երազանք» կուսակցության գաղափարախոսությունը: Հարցվածների 22 տոկոսը չի ընդունում երկրում գործող քաղաքական որևէ ուժի առաջ քաշած սկզբունքը։ Մինչ 2012թ ընտրությունները երկիրը ղեկավարած, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի երբեմնի ազդեցիկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքականությունը ընդունելի է հարցվածների միայն 10 տոկոսի համար։ Ինչ վերաբերում է 2016թ․ խորհրդարան անցած «Հայրենասերերի դաշինք»-ին, ապա նրա գաղափարախոսությունը մոտ է միայն 3 տոկոսին, ընտրական 5 տոկոսի շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրերը ևս ընդունելի է հարցվածների 3 տոկոսի համար:
NDI-ը պարզել է, որ 33 տոկոսը գիտի, թե ով է ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված այպես ասած իր պատգամավորը: Հարցին՝ «Ո՞վ է Ձեր մեծամասնական պատգամավորը Վրաստանի խորհրդարանում», հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած հարցվածներից 65 տոկոսը ճիշտ պատասխան է տվել, 8 տոկոսը՝ սխալվել, 25 տոկոսը ասել է, որ չգիտի, հարցին հրաժարավել է պատասխանել միայն 1 տոկոսը:
NDI-ի մեկ այլ հարցման համաձայն, հարցվածների 65 տոկոսը սպասում է, որ խորհրդարան անցած գործիչը կանի այն, ինչ կթելադրի իր կուսակցությունը, 56 տոկոսը, սակայն, կարծում է, որ խորհրդարանի անդամն ակտիվ կլինի: 48 տոկոսը վսահություն է հայտնել, որ նրան, ում ձայն է տվել, կպաշտպանի իր շահերը, սակայն հարցվածներից գրեթե նույնքան մարդ էլ ասել է, որ առաջին հերթին սեփական շահերն առաջ կտանի։
Վրաստանի տարածքում NDI-ի սոցիոլոգիական հարցումն անցկացվել է նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Դրան մասնակցել է 3 141 մարդ:
NDI-ի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA)։ Հարցումներն անցկացնում է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC)։