Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանսը Ռումինիայում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե ամենակարևորն այն է, որ Վրաստանում քաղաքական դաշտը լրջորեն ընդունի Եվրահանձնաժողովի առաջարկությունները։
Յոհանսն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ հարցերը (Եվրահանձնաժողովի առաջարկությունները- խմբ.) դիտարկել որպես ազգային շահերի խնդիր:
«Ռումինիան նույնպես երկար ճանապարհ ուներ անցնելու մինչեւ Եվրամիության անդամ դառնալը։ Մենք տեսնում ենք այն քայլերը, որոնք պետք է արվեն։ Վրաստանի մասով ստեղծվել է 12 հանձնարարական, որոնք հայտնի են։ Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է համատեղ աշխատեն այս հարցում՝ ելնելով ազգային շահերից»,- ասել է Ռումինիայի նախագահը։
Յոհանսի խոսքով, Ռումինիան պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ըստ նրա, Ռումինիան դատապարտում է ագրեսիան, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքում 2008 թվականին իրականացրեց և այժմ էլ նույնը շարունակում է Ուկրաինայում։
Յոհանսը նշել է, որ Ռումինիան մնում է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումների կարևորագույն ջատագովներից մեկը։
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշիլին այսօր պաշտոնական այցով Ռումինիայում է: