Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահ Իրեն Քելինի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության էջը:
Նշվում է, որ կողմերը խոսել են Վրաստանի ու Շվեյցարիայի միջև սերտ և բարեկամական հարաբերությունների մասին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերով։
«Երկու երկրների գործակցությունը նշվել է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, խորհրդարանական և ժողովուրդների միջև կապերով։
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ամուր աջակցության համար։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է կառավարության հավատարմությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման համապարփակ քաղաքականությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, զրույցում շոշափվել են հետագա համագործակցության հեռանկարները և բարձր մակարդակի հանդիպումների կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է կառավարության ղեկավարի հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Իգնասիո Կասիսի հետ, որը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում.
«Ուշադրություն է դարձվել Վրաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման ուղղությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ծրագրերի կարևորությանը»:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, Շվեյցարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Լոմինաձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։