Երեկ առավոտից Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում օդային տագնապի ռեժիմ էր հայտարարված. ուկրաինական կողմի պնդմամբ, ռուսական ուժերը օդային հարվածներ էին հասցնում քաղաքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին: Պայթյուններ են գրանցվել Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Ժիտոմիրում, Խմելնիցկում, Կրիվոյ Ռոգում, Զապորոժիեում և Սլավյանսկում։
Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի խոսքով, Ռուսաստանը գործնականում կիրառել է 20-րդ դարի 30-ականների մարտավարությունը՝ ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանրությանը վախեցնելու և նրա կամքը կոտրելու նպատակով:
«Սա պետական ահաբեկչության դասական օրինակ է, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի Դրեզդենին, բայց տարբեր մասշտաբներով: Մոսկվայի այս արարքը, բացի ահաբեկչությունից, մարդկության դեմ հանցագործություն լինելուց, նաև թուլության մեծ դրսևորում է»,- գրել է Գոբրոնիձեն:
Ըստ նրա, մեծ տերություն լինելու հավակնություն ունեցող երկրին հաջողվել է միայն առանց խտրականության ռմբակոծել երեխաների, կանանց, ծերերի, բնակելի թաղամասերը. այդպես չի գործում մեծ ուժ ունեցողը.
«Նա կարողացավ տասնյակ տարով հետ շպրտել սեփական երկրի զարգացումը, բոլորին ցույց տվեց ռուսական պետության և հասարակության իրական դեմքը, ցույց տվեց կոռուպցիայի հետևանքով թառամած և ամբողջովին փտած պետական ինստիտուտները, այդ թվում՝ թալանված ու անարգված բանակ, վարկաբեկման եզրին գտնվող քարոզչական ապարատ, հերետիկոսության ու մեղքի մեջ թաթախված եկեղեցի, բարոյապես սնանկացած քաղաքական էլիտա, վախեցած հասարակություն, որի մի մասն ուղղակի փախչում է իր երկրից, իսկ մյուս մասը փախուստի հնարավորություն չունի»:
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի կարծիքով, սա ահաբեկչություն է և օրինակն այն բանի, որ Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, որը փորձում է պատերազմի դաշտում կրած ռազմական պարտությունը «փոխանցել» խաղաղ բնակչությանը:
Բատիաշվիլին նշել է, որ ռուս օկուպանտների նպատակն է խուճապ և վախ սերմանել ուկրաինական հասարակության մեջ, որպեսզի բնակչությունն այնուհետև ստիպի Ուկրաինայի իշխանություններին` համաձայնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրին։
«Սա Ռուսաստանի համար չի աշխատի, քանի որ Ուկրաինան բազմիցս ցույց է տվել, որ չի պատրաստվում ընդունել օկուպացիան, ոչ մեկից չի վախենում, ընդհակառակը, դրանից հետո ուկրաինացիներն ավելի ագրեսիվ կպայքարեն, իսկ Արևմուտքը Ուկրաինային ավելի շատ զենք կմատակարարի՝ սեփական երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Բատիաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է ուկրաինական քաղաքների ռմբակոծություններին և ասել, որ ապշած է: