Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Ռումինիա։
Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Բուխարեստի «Հենրի Կոանդա» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման արարողությունը։ Նախագահին օդանավակայանում դիմավորել են Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ջուլիան Ֆոտան, Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն։
Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլիի խոսքով, այցն ունի և՛ խորհրդանշական, և՛ գործնական նպատակ։
Նրա խոսքով, այցի պատմական նշանակությունն այն է, որ նախագահները կստորագրեն փաստաթուղթ՝ համատեղ հռչակագիր «Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին»։
«Ռումինիան Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ձգտումների կողմնակիցն է։
2019 թվականին մենք նշեցինք վրաց-ռումինական հարաբերությունների 300-ամյակը, իսկ այս տարի նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը», — ասել է դեսպանը:
Վրաստանի նախագահը հանդիպում կունենա իր ռումինացի գործընկերոջ՝ նախագահ Կլաուս Յոհանիսի, նաև վարչապետի ու Ռումինիայի խորհրդարանի և Սենատի նախագահների հետ: