Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած ֆեմիցիդների (կանանց սպանություն) դեպքերին և նշել, որ այս հարցը պետք է լինի խորհրդարանի ուշադրության կենտրոնում։
Խորհրդարանի նախագահի խոսքով, չնայած վերջին տարիներին կանանց սպանության դեպքերի վիճակագրությունը բարելավվել է, բայց յուրաքանչյուր դեպք սարսափելի է, և գործող օրենսդրությունը կիրարկման առումով հատուկ ուշադրության է արժանի։
«Տարիների ընթացքում խստացնելով օրենսդրական կարգավորումները, այդ թվում՝ կիրարկումը, մեր երկիրը կարողացավ 2005 թվականի համեմատ երեք անգամ կրճատել ֆեմիցիդների թիվը:
Սակայն, իհարկե, այս փաստերից յուրաքանչյուրը սահմռկեցուցիչ է։ Մենք նույնպես բարելավվել ենք այլ երկրների համեմատությամբ։ Եթե մեր երկիրը համեմատենք ԵՄ անդամ և թեկնածու երկրների հետ, ապա մեր երկրում այս իրավիճակը միջին մակարդակի է»,- ասել է Պապուաշվիլին։
Ըստ նրա, կարևոր է օրենսդրության կատարելագործման գործընթացում այլ երկրների փորձի փոխանակումը՝ Վրաստանում ֆեմիցիդների առումով իրավիճակը բարելավելու համար։
«Խորհրդարանում կա ֆեմիցիդների հետ կապված աշխատանքային խումբ, որն աշխատում է այս հարցերով. հետևաբար, պետք է ավելի մանրակրկիտ քննարկենք, թե ինչը պետք է բարելավվի օրենսդրական տեսանկյունից։
Յուրաքանչյուր նման զոհ մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է հասարակության պայքարը բռնության դեմ, հատկապես` երբ խոսքը վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը», — ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, Վրաստանում վերջին երեք օրվա ընթացքում ֆեմիցիդի երեք դեպք է գրանցվել: