COVID 19-ի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամը սրեց բնակչության տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական վիճակը։ Խոցելի խմբերի վրա ավելացավ բացասական ազդեցությունը: «Քեա» կազմակերպության կողմից 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ իրականացված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ համավարակը վատթարացրել է ընտանիքների տնտեսական վիճակը և կրճատել կանանց անձնական եկամուտները, ինչն առանձնահատուկ ինտենսիվությամբ է ազդել էթնիկ փոքրամասնությունների կանանց վրա։
Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների կանանց համար կան շատ կարևոր մարտահրավերներ՝ սեռական և վերարտադրողական առողջության տեսանկյունից: Նրանց մեջ տեղեկատվական վակուում կա, և քանի որ նրանք երկրում առկա առողջապահական ծառայությունների մասին տեղեկություն չունեն, հետևաբար չեն կարողանում վերահսկել իրենց առողջական վիճակը, համապատասխան ստուգումներ կատարել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Կարևոր մարտահրավեր է նաև աշխարհագրական պատնեշը, քանի որ հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով կանանց համար հատկապես դժվար է տեղաշարժվելը և որակյալ բուժանձնակազմի կողմից համապատասխան, բարձրորակ բժշկական ծառայություններ ստանալը։
Էթնիկ փոքրամասնությունները տարբեր վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ, որոնք ուղեկցվում են տեղական համայնքի և հասարակության կողմից որոշակի խարանով և կարծրատիպերով: Դրանցից են կանանց զբաղվածության վերաբերյալ կարծրատիպային վերաբերմունքը, որ կանայք իրավունք չունեն աշխատելու, նրանց պարտականությունն է խնամել երեխաներին և ամուսնուն, ինչի պատճառով կանայք ավելի քիչ հնարավորություն ունեն աշխատանքի տեղավորվելու, սեփական եկամուտներ ունենալու և բժշկական ծառայություններ ստանալու: Նշված փաստը կանանց դրդում է համատեղել ընտանեկան գործունեությունը, զբաղվել երեխաների դաստիարակությամբ և, հետևաբար, ստիպված լինել ընտանիքից կախվածություն ունենալ:
Խարանը (ստիգմա) հաստատված բացասական վերաբերմունք է անձի կամ մարդկանց խմբի նկատմամբ, որով նրանց առանձնացնում են որոշակի պատճառով կամ նշանով։ Խարան սովորաբար հաստատվում է կեղծ, կարծրատիպային, անգիտակցական կամ միտումնավոր ձևավորված տեսակետով, որն իր հերթին հանգեցնում է խարանված անձի կամ խմբի նկատմամբ ոտնձգությունների/բացասական վարքագծի, այսինքն՝ խտրականության: Խարանն ու կարծրատիպային վերաբերմունքը զգալի մարտահրավեր է, որը հատկապես տարածված է գյուղական և էթնիկ փոքրամասնությունների համայնքներում, ինչը թույլ չի տալիս երիտասարդ աղջիկներին և կանանց անկախություն ձեռք բերել, իրացնել իրենց իրավունքները և լիովին ինտեգրվել հասարակությանը: Նահապետական հասարակությունում կանանց դերը, իրավունքները և անվտանգությունը կարող են խարխլվել լայն տարածված կարծրատիպերի և խարանի պատճառով:
Կարևոր մարտահրավերներից է նաև, երբ կանայք ավելի քիչ են վստահում ժամանակակից բժշկությանը և ընտրում են ժողովրդական մոտեցում՝ ինքնաբուժություն, առանց բժշկի նշանակման տարբեր բժշկական մանիպուլյացիաներ կատարելը, բուժումը և դեղորայքը, ինչը մեծապես խոչընդոտում է կանանց՝ իրենց կարիքներին հարմարեցված ժամանակակից վերարտադրողական ծառայություններին հասանելիությանը:
Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի գործակալության ավագ սոցիալական աշխատող, պրոֆեսիոնալ վերահսկող Նելի Գվարաձեն մեզ հետ զրույցում նշում է, որ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու առումով բախվում են այնպիսի հատուկ խոչընդոտների, ինչպիսիք են լեզվական խոչընդոտները, տարածքային արգելքները, վախը, որ ընտանիքն ու շրջապատը չեն հասկանա:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց համար վրացերենի իմացությունն ամենակարևոր խնդիրներից է։ Լեզվական խոչընդոտի պատճառով բժշկին կամ այլ ծառայություններին դիմելիության ցուցանիշը նույնպես ցածր է։
Նշենք նաև, որ Քվեմո Քարթլիի կանայք բժշկի դիմելը համարում են երկրորդական խնդիր և դա կապում մեծ ֆինանսների հետ։
Հարկ է նշել նաև այն խնդիրների ցանկը, որոնք առկա են Վրաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության առումով։ Այս հարցի վերաբերյալ սոցիալական աշխատող Նելի Գվարաձեն նշում է.
«Երկրում այս հարցը բավականին արդիական է։ Կանայք հաճախ մնում են առանց եկամտի ու կացարանի, չունեն հարազատների աջակցությունը, ինչի արդյունքում հաճախ աչք են փակում բռնության վրա։ Այս առումով կարևոր է շարունակել իրազեկման արշավները և ավելի շատ աշխատանք տանել բռնության զոհերին հայտնի դարձնելու համար, որ կան ապաստարաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և իրավաբաններ»:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ էթնիկ, ռասայական կամ կրոնական փոքրամասնությունների կանայք և աղջիկները հիմնականում կրթության, ռեսուրսների, աշխատանքի և առողջապահական ծառայությունների ավելի քիչ հասանելիություն ունեն: Բացի այդ, նրանք խտրականության են ենթարկվում իրենց հասարակության տղամարդկանց կողմից, հատկապես, երբ դեռևս կան գենդերային կարծրատիպեր և խորը արմատավորված պրակտիկաներ, որոնք թույլ չեն տալիս առաջին պլան մղել կանանց կարիքները: Փոքրամասնություն կազմող կանայք, որոնք բախվում են խտրականության տարբեր ձևերի, ավելի հավանական է դառնում բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության զոհ դառնալու:
Խոսելով վերարտադրողական առողջության խնդիրների մասին՝ Նելի Գվարաձեն առաջին հերթին մատնանշում է տեղեկատվության պակասը, ինչը հանգեցնում է անցանկալի հղիությունների և սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդությունների, մինչդեռ սեռական առողջության հիմնական խնդիրը գաղտնիությունն է։
«Եթե կանանց տեղեկացվածությունն այս ուղղությամբ բարձրացվի, ապա ավելի քիչ անցանկալի հղիություններ և ընտանիքներ կստեղծվեն, որոնք կարող են դառնալ հասարակության դիսֆունկցիոնալ մաս: Նաև կանանց առողջությունը կարևոր կլինի, և այս ասպեկտը կիրականացվի հասարակության կողմից»:
Ընտանեկան բռնության վտանգի տակ գտնվող կամ տուժած կանանց, ինչպես նաև վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների դեպքում կան պետական և ոչ պետական ծառայություններ.
Ընտանեկան բռնության թեժ գիծ -116 006
Հանրային պաշտպանի թեժ գիծ -14 81
Իսկ ոչ պետական հատվածին կարող եք դիմել «Հերա XXI»-ին (http://www.hera-youth.ge/, http://forparents.ge/ ) կամ զանգահարեք թեժ գիծ՝ 2 01 12 21։ Աղքատության և բռնության ուղղությամբ աշխատում են նաև «Ֆեմինա» հիմնադրամը (feminafund@gmail.com) և այլք։
Հոդվածը պատրաստվել է «Ալիք մեդիայի» կողմից՝ «Իմ մարմինն իմ իրավունքն է» նախագծի շրջանակներում՝ «Քեա Կովկասի» ֆինանսական աջակցությամբ։ «Ալիք Մեդիան» ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ներկայացված տեղեկատվության բովանդակության համար, և հոդվածում տեղ գտած կարծիքները կարող են չհամընկնել «Քեա Կովկասի» տեսակետների հետ։