Վրաստանի փորձագիտական շրջանակներն իշխանություններին կոչ են անում օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից դիմելով ՆԱՏՕ-ին՝ դաշինքին անդամակցելու խնդրանքով։ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ըստ նրանց, խաղաղություն կբերի ողջ տարածաշրջանին։
«Վրաստանը պետք է ուժեղացնի իր ջանքերը՝ մերձենալու Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը՝ վերջնականապես դաշինքին միանալու նպատակով, ուստի ցանկալի է, որ Վրաստանի իշխանությունները գոնե բարձրացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրի ընդունման հարցը»,- այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն՝ մեկնաբանելով սկիզբ առած ակտիվ քննարկումները, թե հետևելով Ուկրաինայի օրինակին, Վրաստանը ևս պետք է արագացված կարգով դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:
Գոբրոնիձեի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր գործիք է Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Ըստ նրա, գործնականում օրակարգից հանված են ռազմական ռիսկերը, քանի որ չնայած Ռուսաստանի Դաշնության մի շարք խիստ հայտարարություններին, դեռևս չի եղել դեպք, որ Մոսկվան ուղղակի ռազմական ագրեսիա իրականացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ։
«Ռազմական ռիսկերը նվազագույնի հասցնելը զգալիորեն կուժեղացնի երկրի տնտեսական ներուժը, քանի որ կբարձրանա անվտանգության զգացումը, ինչը երկարաժամկետ, կայուն զարգացմանն ուղղված տնտեսական նախագծերի կարևորագույն խթան է։ Ներդրումային միջավայրը ևս կբարելավվի», — ասում է փորձագետը:
Փորձագետն ընդգծում է՝ միաժամանակ, Վրաստանը հնարավորություն կունենա իրականացնել ակտիվ հարևանության քաղաքականություն, առաջարկել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զարգացմանը միտված, դրական արտաքին քաղաքականություն կամ տարածաշրջանային օրակարգ.
«Ռազմական վտանգներից զերծ, խաղաղ Վրաստանի գաղափարն ակնհայտորեն բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից, քանի դեռ կա հնարավորություն իրականացնելու հավակնոտ և երկարաժամկետ տարածաշրջանային նախագծեր, որոնք զերծ կլինեն ռազմական ռիսկերից»:
Գոբրոնիձեն նշում է՝ եթե Վրաստանը, այնուամենայնիվ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, չի բացառվում, որ Մոսկվան կփորձի լարել իրավիճակը Վրաստանում՝ մասնավորապես խրախուսելով քաղաքացիական բախումները, փորձելով սպառնալիք ստեղծել հասարակական խաղաղության համար, սադրանքներ կազմակերպել օկուպացված շրջաններից, ինչպես նաև փորձել լարել Վրաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունները, ազդելով նաև երկրի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրա:
«ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում, ինչպես վերը նշեցինք, երկրի օրակարգից հանվում են ռազմական ռիսկերը, իսկ անդամակցության հետ կապված ռիսկերը նվազագույն են դառնում կամ գործնականում բացակայում են, քանի որ այսօր Վրաստանի առջև շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան, քան նրանք, որոնք կարող են առաջանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում»,- ասում է Գոբրոնիձեն:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Վրաստանը, իհարկե, պետք է օգտագործի այն բոլոր հնարավորությունները, որոնք տալիս է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։
«Ուկրաինան և Վրաստանը զգալիորեն տարբերվում են Մոլդովայից. վերջինիս սահմանադրությունը ամրագրում է չեզոքության հայեցակարգը և, որը տարիներ շարունակ չի ձգտել անդամակցել դաշինքին: Այս իրավիճակում, երբ Ուկրաինան առաջ է գնում արևմտյան ճանապարհով, Վրաստանը ևս պետք է այդ ուղղությամբ շարժվի»,- «Աիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մելաշվիլին:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ին անդամակցությունն առաջին հերթին անվտանգության և երկարաժամկետ հեռանկարում կայուն տնտեսական աճի երաշխիք է, որն ազդելու է երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա.
«Ռուսաստանը Վրաստանին սպառնալու ռազմական կամ քաղաքական լծակներ չունի։ Ահա թե ինչու է այս հնարավորությունների պատուհանն այդքան կարևոր և կենսականորեն անհրաժեշտ, որպեսզի Վրաստանը կարողանա երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալ արևմտյան գործընկերներից և վերջնականապես հաստատել իր տեղը Արևմուտքում»:
Նրա կարծիքով, Ռուսաստանը կփորձի որոշակի էսկալացիա նախաձեռնել:
«Կարելի է խոսել Ցխինվալիի կամ Աբխազիայի անեքսիայի մասին»,- ասում է Մելաշվիլին:
Նա ևս համակարծիք է՝ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը չափազանց դրական քայլ կլինի նաև կովկասյան տարածաշրջանի համար, քանի որ այն դուռ կբացի արևմտյան ազդեցության մեծացման և ռուսական ազդեցության նվազման համար, ինչը երկարաժամկետ հեռանկարում հարափոփոխ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման փուլի սկիզբ կլինի:
Նշենք, որ անցած շաբաթ Ուկրաինան պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որից հետո վրացական քաղաքական շրջանակները սկսեցին քննարկել նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորությունը: