Վրաստան-Հայաստան սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված ավտոմոբիլային մաքսային անցակետը։
Մաքսակետի պաշտոնական բացման արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար, եկամուտների ծառայության ղեկավար Լաշա Խուցիշվիլին, մաքսային վարչության պետ Լևան Կակավան, ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը կարևորել է հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին իր ելույթում ընդգծել է նոր մաքսային ենթակառուցվածքի կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։
«Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, ուղեևորատար և թեթև մեքենաների համար կառուցվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։ Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։
Բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, դիվանագիտական կորպուսի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։