Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանում տեղի է ունեցել ուսուցչի ազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը սկսվել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի ելույթով։ Նախարարը դիմել է ներկաներին, շնորհավորել բոլոր ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ և խոսել ուսուցչի դերի կարևորության մասին հաջորդ սերնդի կրթության գործում։
Վրաստանում 2022 թվականի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Խուլոյի մունիցիպալիտետի Մեկեիձեբի գյուղի հանրային դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոլանդ Շավաձեն. պատվավոր մրցանակի հետ միասին նախարարը հանձնել է նաաև 15 հազար լարի։
«Այս նախագիծն իսկապես ամենակարևոր նախաձեռնություններից է, որը ծառայում է ուսուցչի մասնագիտության հանրահռչակմանը` գնահատելով մեր ուսուցիչներին և բարձրացնելով նրանց մոտիվացիան:
Ուսուցչությունը միշտ եղել է ամենապատվաբեր և միաժամանակ շատ պատասխանատու մասնագիտությունը, բոլորս էլ համաձայն ենք, որ կրթված սերունդը մեր երկրի առաջընթացի և զարգացման գրավականն է, և ուսուցչի դերն այս գործում անչափ մեծ է», — ասել է Միխեիլ Չխենկելին։
Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ուսուցչի ազգային մրցանակի հաղթողին հանձնել է պատվավոր մրցանակը և անձամբ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
Այս տարի ազգային ուսուցչի մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին` Չոխատաուրի Աստվածածնի անվան ծխական դպրոցի վրացերենի և գրականության ուսուցիչ Նանա Մգալոբլիշվիլին, «Շավնաբադա» գիմնազիայի քիմիայի ուսուցիչ Միխեիլ Լաբարտկղավան, Քութաիսիի 33-րդ հանրային դպրոցի հատուկ ուսուցիչ Սոփիո Ձիգրաշվիլին և Ծալկայի մունիցիպալիտետի Գումբաթի գյուղի հանրային դպրոցի վրացերենի և գրականության ու անգլերենի ուսուցիչ Իրա Ձիրքվաձեն։ Լավագույն հնգյակում ընդգրկված յուրաքանչյուր ուսուցիչ պարգևատրվել է 5 հազար լարիով:
Նշենք, որ ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, «Կրթությունը բոլորի համար» կոալիցիայի և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա: