Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գնահատմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունը վատթարացրել է երկրի էներգետիկ ոլորտը, վնաս հասցրել երկրի ազգային շահերին, բացասական ազդեցություն ունեցել նաև այլ ուղղություններով:
Նախագահի կարծիքով, իրադարձությունների նման զարգացումը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ երկրի համար: Այս թեմայի շուրջ հունվարի 17-ին նախագահի տեսակետն է հայտնել Մարգվելաշվիլիի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն, տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
«Նախագահը «Գազպրոմի» հետ կապված թեմաների կարևորության շուրջ խոսել է դեռեւս 2015 թվականին, երբ էներգետիկ անվտանգության պահպանման նպատակով կառավարության նիստ էր պահանջել: Ցավոք կառավարությունը կարևորություն չտվեց այս հարցի շուրջ քննարկումներին: Նախագահն իր 2016-ի ամենամյա ելույթում ևս կենտրոնացել էր «Գազպրոմ»-ի խնդրին՝ նշելով, որ այդ ընկերության հետ բանակցությունները պետք է թափանցիկ լինեն, դրանցում հստակեցվեն կոնկրետ սահմաններ»,- ասել է Միշվելաձեն՝ նաև հիշեցնելով նախագահի բազմիցս հնչեցրած խոսքերը․«Գազպրոմը ավելին է, քան պարզապես ռուսական մի ընկերություն: Այն առաջին հերթին անվտանգության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության հետ կապ ունեցող ընկերություն է, հետո միայն էներգետիկայի և տնտեսության գործիք»։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Վրաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համաձայանության եկավ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ, ըստ որի Վրաստանը անցնում է ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի։ Մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը։
Հատկանշական է, որ երկու տարի ժամկետով կնքված պայմանագրի առաջին տարվա ընթացքում Վրաստանը տարանցման գումարի մի մասը կստանա գազով, մյուս մասը՝ գումարի տեսքով: Բացի այդ Վրաստանը Գազպրոմից անհրաժեշտության դեպքում կարող է գազ գնել 1000 խմ-ի դիմաց 185 դոլարով՝ ավելի վաղ հայտարարված 215 դոլարի փոխարեն։
Ռուսական Գազպրոմի հետ ձեռք բերված նոր համաձայնագիրը քննադատում են նաև ընդդիմադիր գործիչները՝ նշելով, որ այն ավելացնում է Ռուսաստանից կախվածությունը։
Հունվարի 18-ին «Defend Liberty» կազմակերպությունը Վրաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպելու: