Թբիլիսիի Սաիրմե փողոցում մեկ անձ ձերբակալվել է առողջությանը վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք գնելու-պահելու մեղադրանքով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1996 թվականին ծնված Գ.Ճ.-ին:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, տվյալ հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։
«Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա հոկտեմբերի 5-ին, փոխադարձ վիճաբանության հիման վրա, մեղադրյալը ատրճանակով կրակել և վիրավորել է 1996 թվականին ծնված Լ.Ս.-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տուժածին շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան օգնություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Քննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։