Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը շարունակում է միջազգային կարևոր նշանակություն ունեցող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոմայրուղու 8 կմ հատվածի վերականգնման աշխատանքները։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է գերատեսչության ճանապարհների դեպարտամենտը։
«Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության սահման, և դրա զարգացումը կարևոր է ինչպես տարանցիկ փոխադրումների, այնպես էլ Բոլնիսի և Դմանիսի զբոսաշրջային օբյեկտներ հարմար ճանապարհով հասնելու տեսանկյունից», — նշված է հաղորդագրության մեջ։
Վերականգնվող հատվածը գտնվում է Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների տարածքում և անցնելու է Կղիզիլ-Աջլո, Փարիզի և Ցուրտավի գյուղերով։
«Նախագիծը նախատեսում է ճանապարհի բարելավում, ծածկի վերականգնում, ջրատարների և առկա արհեստական կառույցների նորոգում և նորերի կառուցում, համայնքային բակերի մուտքերի և կանգառների վերանորոգում, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի մասի գծանշում և ճանապարհային նշանների ավելացում։
Ծրագրի արժեքը կազմում է 6 միլիոն 184 հազար 352 լարի, որի ավարտը նախատեսվում է այս տարվա վերջին։