Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ խորհրդարանն ապաօլիգարխացման մասին օրենք չընդունի։
Ըստ իշխող կուսակցության նախագահի, ընդդիմությունը չի հասկանում օրենքի գերակայության սկզբունքի էությունը, երբ խոսում է ապաօլիգարխացման օրինագծի մասին և հայտարարում, որ դա ուղղված է լինելու Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
«Եթե ապաօլիգարխացման մասին օրենքի շուրջ կոնսենսուս չլինի, մենք դա չենք ընդունի, ի թիվս այլոց, Եվրամիության նախկին դեսպանն ասել է, որ այս օրենքը պետք չէ։ Եթե թե՛ Եվրամիությունը, թե՛ ընդդիմությունը հավատան, որ այս օրենքը մեզ պետք չէ, մենք դա չենք ընդունի»,- ասել է Կոբախիձեն։
Ի դեպ, հունիսի 23-ին Վրաստանին տրվել է եվրոպական հեռանկար և 12 պայման՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովի պայմանները ներառում են դատաիրավական բարեփոխումներ, ապաօլիգարխացում և լրատվամիջոցների ազատության ապահովում։