Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրիխլո գյուղի դպրոցից տարածված լուսանկարի առնչությամբ։
Համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ աշակերտները ծնկի են իջել գրատախտակի մոտ. ենթադրվում է, որ դա արվել է աշակերտներին պատժելու համար։ Դեպքը տեղի է ունեցել վրաց լեզվի և գրականության դասին:
Տվյալ առարկան դպրոցում դասավանդում է Ռախման Մուսաևը, ով նաև Մառնեուլիի սակրեբուլոյի անդամ է։
«Նման գործողություններն անընդունելի են և՛ ռեսուրս կենտրոնի, և՛ դպրոցի համար»,- ասել է Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ղեկավար Խանալի Գախրամանովը։
Նա նշել է, որ ուսուցիչն ինքը որոշել է լքել դպրոցը, այդ մասին այսօր առավոտյան դիմում է գրել, որը դպրոցի ղեկավարությունն անմիջապես ընդունել է։
ՆԳՆ-ի փոխանցմամբ, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է հարկադրանք։