Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տոնը՝ Թբիլիսոբան, երկար տարիների պատմություն ունի։ Տոնի նախապատմության մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է պատմաբան Գիորգի Մեսխիշվիլին․
«Դեռ 1979 թվականին Թբիլիսիի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Շոթա Կղավլաշվիլին առաջարկեց Թբիլիսիի վերականգնման ծրագիր։ Պետք էր սկսել հին թաղամասերի վերականգնումը։ Ստեղծվել էր ճարտարապետների մի խումբ, որը սկսել էր աշխատել հարցի շուրջ։ Տեղի ունեցավ քննարկում, ուրվագծվեցին հին Թբիլիսիի տարածքները, որտեղից սկիզբ կառնի վերականգնման գործընթացը։
Հենց այդ հանդիպմանը հասարակական գործիչ Թենգիզ Մենթեշաշվիլին ասել է, (այն ժամանակ ողջ Վրաստանում տոնակատարություններ էին անցկացվում՝ Մցխեթոբա, Վաժաոբա և այլն), երբ բոլոր տոնակատարությունները ավարտվեն, չանցկացնե՞նք նաև Թբիլիսոբա։ Ներկաներին դուր է եկել գաղափարը, և մասնագետներին հանձնարարվել է հայեցակարգ մշակել», — պատմում է պատմաբանը։
Ավանդական Թբիլիսոբայի մասին պատմաբանը նշում է, որ հիմնական մասը պահպանվել է՝ ստանալով ավելի նոր ու ժամանակակից տոնի տեսք․
«Հետահայաց գցելով պատմությանը, կարող ենք հաստատել, որ մայրաքաղաքի տոնն առաջին անգամ նշվել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին։ Դեռ այն ժամանակներից Հին Թբիլիսիում՝ Աբանոթուբանիում և Ռիկղեում են հավաքվել Վրաստանի բոլոր անկյուններից, կազմակերպել ավանդական խնջույքներ, ազգային խոհանոցի ուտեստներով, անպակաս են եղել ազգային երգն ու պարը», — պատմում է Մեսխիշվիլին։
Նա հավելում է, որ Թբիլիսոբայի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը վրացական գինին է, որը ինչպես ավելի քան չորս տասնամյակ առաջ, այսօր էլ ցուցադրված է Ռիկղեի այգում։
«Թբիլիսոբայի առաջին տոնակատարությանը 4 գործչի տրվեց Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում, նրանք էին՝
Լադո Գուդիաշվիլին՝ Վրաստանի ժողովրդական արտիստ,
Կոնստանտին Իլուրիձեն՝ էլեկտրագնացքների վերանորոգման գործարանի դարբին,
Ակակի Շանիձեն՝ լեզվաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Շուշանա Չիկովանին՝ Վրաստանի վաստակավոր ուսուցիչ», — ասում է Մեսխիշվիլին։
Նշենք, որ մայրաքաղաքի տոնը ամենամյա համաժողովրդական տոն է դարձել, որ նվիրված է հինավուրց քաղաքին և բերքահավաքին։ Այն տոնվում էր հոկտեմբերի վերջի հանգստյան օրերին, սակայն 2011 թվականից՝ միայն հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին: