Վրաստանում այսօր նշում են Թբիլիսոբան

Վրաստանում այսօր նշում են Թբիլիսոբան՝ մայրաքաղաքի օրը:

Մայրաքաղաքի ամենահայտնի զբոսայգիներից մեկը՝ Ռիկղեն, այսօր հատկապես մարդաշատ է, այն հյուընկալել է մուլտֆիլմի հերոսների, երգչային և պարային խմբերի, այգին զարդարված է քաղաքին հատուկ խորհրդանշական զարդարանքներով։ Այգում անցկացվում են զվարճալի խաղեր, երեխաները լուսանկարվում և խաղում են մուլտֆիլմերի հերոսների կերպարների հետ։

Թբիլիսոբայի տոնին ներկայացված են նաև հայկական մշակութային տարրեր, այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան․

«Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է, որ Թբիլիսոբայի տոնին ներկայացված լինեն Թբիլիսիում բնակվող բոլոր ազգությունների մշակույթը, մենք էլ փորձեցինք մեր հայկական ավանդական մշակութային փոքրիկ անկյունը ստեղծել։

Ցուցադրված են հայկական հուշանվերներ, նկարներ, գրքեր երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և անգլերեն, ներկայացված է հայ գրականությունը և Թբիլիսիում գործունեություն ծավալած հայ մեծերի դիմանկարներն ու ստեղծագործությունները», — նշում է Առաքելովան։

 

Առաքելովան նաև հավելում է, որ ցուցահանդեսից բացի նաև փոքրիկ տոնավաճառ է ներկայացված, այն կգործի նաև վաղը։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, մայրաքաղաքի օրվան նվիրված «Թբիլիսոբա 2022» միջոցառմամբ պայմանավորված՝ Եվրոպայի հրապարակի մերձակայքում սեպտեմբերի 30-ի ժամը 00:00-ից հոկտեմբերի 3-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկությունը սահմանափակված է։