Բժիշկներն ու շտապօգնության վարորդներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։
«Հիմնական պահանջը աշխատավարձերի 100 տոկոսով բարձրացումն է, տարեկան լրացուցիչ 10 օր վճարվող արձակուրդը, գրավոր համաձայնություն այս հարցերի շուրջ և աշխատանքի մեկնարկը այնպիսի սոցիալական երաշխիքների վրա, ինչպիսիք են` աշխատավարձի բարձրացումը, կենսաթոշակի բարելավումը և ապահովագրական փաթեթը», — հանրահավաքի ժամանակ ասել է փաստաբան Թամիլա Գաբաիձեն։
Նրա խոսքով, շտապ օգնության կենտրոնի աշխատակիցները նախապատրաստվում են համընդհանուր գործադուլի։ Այդ նպատակով նրանք արդեն դիմել են դատարան՝ պահանջելով սահմանել շտապօգնության մեքենաների նվազագույն չափը, որոնք պետք է մնան գծի վրա, որպեսզի քաղաքացիները չզրկվեն շտապ բժշկական օգնությունից։
Վրաստանում շտապօգնության ծառայության աշխատակիցների բողոքի ակցիաները սկսվել են մայիսին, երբ Առողջապահության նախարարությունը նրանց զրկեց նպաստներից, որ տրվում էին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ՝ ավելացած կանչերի և գերզբաղված աշխատանքային գրաֆիկի համար: