Վրաստանում ձեթն ավելի կէժանանա

Վրաստանի ձեթ ներկրողների միության նախագահ Իվա Ճկղոնիան հայտնել է, որ հոկտեմբերից Ռուսաստանը չեղարկում է ձեթի արտահանման հարկը. արդյունքում Վրաստանում ձեթի գինը կնվազի առնվազն 5 տոկոսով:

Ճկղոնիան նշել է, որ վերջին շրջանում` նույնիսկ մաքսային հարկի պայմաններում, ձեթն ամեն շաբաթ էժանանում էր։

«Վրացական շուկայում գների անկումն արդեն նկատելի է։ Իրականում ձեթն ամեն շաբաթ էժանանում է։ Դա պայմանավորված է, նախ, Ռուսաստանի ավելցուկային բերքով, հետո` ուկրաինական նավահանգիստների և այլ ճանապարհների բացմամբ»,- ասել է Ճկղոնիան։

Նրա խոսքով՝ սննդամթերքի հարցում Ռուսաստանից կախվածությունը նշանակում է մշտական ​​տնտեսական պատերազմի մեջ լինել հյուսիսային հարևանի հետ։

«Երբ խոսքը Վրաստանում շուկաների դիվերսիֆիկացման մասին է, ես անընդհատ ասում էի, որ ռուսական գործոնը բարդացնում է դա։ Ճիշտ է, այնտեղ շատ ապրանքների ինքնարժեքը, այնուհետև Ռուսաստանից եկած լոգիստիկան էժան են, բայց ոչ ոք չգիտի, թե հաջորդ պահին ինչ է անելու այս երկիրը»,- ասել է Ճկղոնիան։

Ըստ նրա, Ռուսաստանից ձեթի ներկրումը տևում է 3 օրից մինչև 1 շաբաթ, Արգենտինայից նույն ձեթը ներկրվում է մեկուկես ամսվա ընթացքում.

«Ցանկացած պահի Ռուսաստանը կարող է փոխել իր գնային քաղաքականությունը, և ապրանքը դեռ ճանապարհին կլինի ու մինչև հասնի շուկա՝ կունենա այնպիսի գին, որ ուղղակիորեն կսպանի բիզնեսը»: