Երևի շատերին հետաքրքրեց, թե արդյոք ի՞նչն է հայաբնակ Օզնիի առանձնահատուկ դիրքի պատճառը։ Օզնի գյուղը տարածվում է սարահարթի արևելյան լանջի ստորոտում, շրջապատված է հարուստ բուսականությամբ, որն էլ գյուղին գեղեցիկ և առանձնահատուկ տեսք է հաղորդում։ Արդարացիորեն Օզնին ողջ Ծալկայի շրջանի լավագույն տեղանքով գյուղն է համարվում։
Օզնիի բնակչությունը հպարտությամբ է պատմում հայրենի գյուղի մասին․
«Մեր գյուղը նմանեցնում ենք Մեծ Լենինականին, առաջին հերթին` երիտասարդների սրամտությամբ է համեմատելի։ Օզնին արվեստ-արհեստով տարբերվում է շրջանի մյուս գյուղերից: ժամանակին ունեցել ենք դարբիններ, կաշեգործներ, մինչև հիմա էլ ունենք լավ երգիչներ, բանաստեղծներ», — ասում է Օզնիի հանրային դպրոցի տնօրեն և մանկավարժ՝ 62-ամյա Ռուբեն Հանեսյանը, ով, ի դեպ, նաև բանաստեղծ է։
Օզնի գյուղը հիմնել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը 1830-ական թվականներին, սակայն սկզբնական շրջանում օզնեցիները բնակություն են հաստատել Գունիա-Կալա գյուղում, որտեղ նախկինում հույներ էին բնակվում։ Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվել են ներկայիս Օզնիի տարածք և հիմնել գյուղը։ Հայտնի է նաև, որ Օզնիի տեղում եղել է վրացական գյուղ՝ Հունիա անվամբ. դա է պատճառը, որ այսօր էլ շրջանում շատերը Օզնին անվանում են Հունիա (Հինիա)։ Գյուղում մինչ օրս պահպանվել է նաև վրացական եկեղեցին։
Ուշագրավ փաստ է, որ բնակիչները գյուղը վերանվանել են Օզնի` ի հիշատակ Արևմտյան Հայաստանում գտնվող Օզնի (Օծնի) գյուղի, քանի որ թե՛ դիրքով, թե՛ եղած շինություններով հիշեցրել է այսօրվա Օզնին. այդ պատճառով էլ տեղացիները հենց այդ տարածքն են ընտրել իրենց բնակության վայր։ Օզնեցիների նախնիները ոսկով, գումարով, ցորենով փոխանակել են գյուղը հարևան Գունիա-Կալեի հետ (այժմ` Սամեբա)։
Հետաքրքիր պատմություն ունի Օզնին
Գյուղացիները պատմում են, որ շատ վաղ անցյալում Օզնին եղել է նաև աքսորավայր, դեռևս Թամարա թագուհու օրոք մարդկանց աքսորել են այդ տարածք։
Զուլալ ջրերը, առատ դաշտավայրերը, հնուց պահպանված եկեղեցիները հյուրընկալ Օզնիի անբաժանելի բաղադրիչներն են։
«Մեր գյուղն ամեն ինչով է աչքի ընկնում։ Բնակչությունը բարի է, մարդամոտ, հյուրասեր,ամենակարևորը՝ սրբապաշտ։ Միշտ նշում ենք Սուրբ Զատիկը, Կաթնաղբյուրը, Վարդավառը։ Ունենք լավ դաշտավայրեր, բերքատու հողամասեր, եկեղեցիներ: Մեր գյուղացիները շատ աշխատասեր են, բայց աշխատատեղեր չկան այստեղ, այդ պատճառով էլ բնակչությունը հետզհետե հեռանում է իր ծննդավայրից։ Լավ կլինի, որ աշխատատեղեր ստեղծվեն գյուղում, իսկ երիտասարդների համար` ժամանցի կենտրոններ», — ասում է 83-ամյա Հայկանուշ Հանեսյանը․
Օզնիի հանրային դպրոցի փոխտնօրեն և սպորտի ուսուցիչ Ալեքսեյ Հանեսյանն էլ ասում է. «Օզնին ակտիվ գյուղ է շրջանում, երիտասարդությունը սովորող է, այդպիսի տարի չի լինում, որ դպրոցում ոսկե մեդալակիրներ չունենանք։ Ընդհանուր գյուղի մասին կասեմ, որ հարուստ է խմելու ջրերով (բաղի աղբյուր), նույնիսկ հարևան գյուղերին է ապահովում ջրով։ Այդքան էլ շատ չեն հիմնախնդիրները։ Գազախողովակներ կան տեղադրված, որոնք շուտով ծառայելու են իրենց նպատակին, ինչն էլ թերի էր` արդեն ուղղվում է։ Հիմնականը ճանապարհների խնդիրն է, դեռևս վերանորոգված չեն, բայց մյուս տարի, հուսով ենք, դա էլ կլինի։ Կարծում եմ, մեր գյուղի զարգացման գործում ամենամեծ պատասխանատվությունը մեզ վրա է դրված, պետք է հնարավորինը անենք, որ մեր գյուղն էլ ամեն ինչով ապահովված լինի, որպեսզի երիտասարդությունն չհեռանա այստեղից»։
Գյուղում բնակչության հիմնական աշխատանքը անասնապահությունն է, նաև հողագործությունը և մեղվաբուծությունը։
Օզնիում ապրում է մոտ 130 ընտանիք, գործում է հանրային դպրոց, որտեղ 57 աշակերտ է սովորում։ Գյուղն ունի մարզադաշտ, բիլիարդի սրահ։
2021 թվականի մայիսի 21-ին Օզնիում բացվել է նաև «ԱրՄաթ» կենտրոն, ուր հնարավորություն ունի հաճախելու ոչ միայն Օզնիի աշակերտությունը, այլ նաև հաճախում են հարևան գյուղերից։ «ԱրՄաթ» կենտրոնում տարբեր մասնագիտությունների դասընթացներ են իրականացվում՝ ռոբոտաշինություն, ծրագրավորում և այլն։
Գյուղում երիտասարդների հետաքրքրությունների և գյուղի կյանքի մասին խոսեց ԹՊԲՀ-ի 1-ին կուրսի ուսանողուհի Սվետա Ոսկանյանը,
«Ամենքի համար իր գյուղը լավն է, տարբերվող, նույնն էլ` ինձ համար, սակայն այստեղ կյանքն այդքան էլ հետաքրքիր չի անցնում։ Երիտասարդների որոշ մասն արտագնա աշխատանքի է մեկնում, որոշ մասը քաղաքում սովորում և աշխատում է, մնացածն էլ գյուղում զբաղված է տեղական աշխատանքով։ Գործում է մարզադաշտ, բիլիարդի սրահ, և որոշ չափով երիտասարդները զբաղմունք ունեն, բայց ժամանակը արդյունավետ օգտագործելու համար դեռևս լիարժեք պայմաններ չկան։ Իմ ապագա մասնագիտությամբ առաջնորդվելով, գյուղում կհիմնեի բուժկետ, որպեսզի գյուղացիները ստուգման համար կողքի գյուղ չգնային, կստեղծեի դեղատուն, շատ են լինում դեպքեր, երբ դեղ է հարկավոր, բայց դեղատուն չկա, և ստիպված նորից կողքի գյուղ ենք գնում։ Ներկա պահին գյուղում ընդամենը մեկ խանութ կա, իմ կարծիքով` պետք է շատ լինեն. այս դեպքում էլ է պատահում, որ մեր միակ խանութում ինչ-որ բաներ չեն լինում, էլի դրսի գյուղեր ենք գնում։ Ճիշտ է, իմ հայրենի գյուղն է, լավն է, բայց մնացած գյուղերի պես մեր գյուղն էլ խնդիրներ ունի. օրինակ՝ ճանապարհների անբարեկարգ վիճակը, աղբամանների բացակայությունը, ինչը շատ վատ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա։ Հուսով եմ, ժամանակի ընթացքաւմ ամեն ինչ կբարեկարգվի»:
Շրջանի մի շարք գյուղերի նման` Օզնին նույնպես ունի բարերարներ, որոնք ամեն կերպ փորձում են օգտակար գործ անել հայրենի գյուղի համար։
«Այստեղ իրականացվում են թե՛ պետական, թե՛ բարեգործական ծրագրեր։ Մենք շնորհակալ ենք մեր բարերարներին, որ թեպետ ծննդավայրից հեռու են գտնվում, բայց չեն մոռանում իրենց գյուղի մասին և միշտ աջակցություն են ցուցաբերում։
Մոլոդ Մանուկյանը, Ռազմիկ Բլքյանը, Մնացական Ավագյանը, Հայկ Աբելյանը, Աղասի Մանուկյանը ծնունդով օզնեցի բարերարներ են, և հենց իրենք էլ գյուղում տարբեր բարեգործական ծրագրեր են իրականացնում։ Վերջին շրջանում գյուղի վերևի հատվածում նաև խաչ է կանգնեցվել` որպես քրիստոնեության խորհրդանիշ, վերանորոգվել է եկեղեցին, կանգնեցվել են հուշարձաններ, ցանկապատվել են գերեզմանները, ստեղծվել է «ԱրՄաթ» կենտրոնը և այլն։
«Մեր բնակչությունն էլ իր հերթին փորձում է ամեն ինչ անել, որպեսզի գյուղն է՛լ ավելի զարգանա, ամենակարևորը` թող մեր գյուղացիներին միշտ ուղեկցեն առողջությունն ու խաղաղությունը»,- հավելում է Ռուբեն Հանեսյանը:
Հեղինակ՝ Անի Հարությունյան