Վրաստանը հույս ունի, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) առանց իրավական արձագանքի չի թողնի 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ցխինվալիի տարածաշրջանում կատարված փաստերը և համապատասխան պատիժ կսահմանի բոլոր մեղավորների համար, հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն՝ Թբիլիսիում ՄՔԴ գլխավոր դատախազի տեղակալ Նազաթ Շամիմ Խանի հետ հանդիպման ժամանակ։
Հունիսին ՄՔԴ-ն ձերբակալության հրաման է տվել Ցխինվալիի երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ներգրավված են վրացի խաղաղ բնակիչների գերեվարման գործում։ Նրանք մեղավոր են ճանաչվել ապօրինի ազատազրկման, խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար։
«Ռատի Բրեգաձեն հույս հայտնեց, որ Ստրասբուրգի դատարանից հետո ՄՔԴ-ն իր իրավասության շրջանակում չի անտեսի 2008 թվականի օգոստոսին Ցխինվալիի տարածաշրջանում կատարված փաստերը և համապատասխան պատիժ կսահմանի բոլոր հանցագործների համար»,- ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Բրեգաձեն հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն արդեն սահմանել է Ռուսաստանի պատասխանատվությունը այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են` Ցխինվալիի տարածաշրջանում վրացիների նկատմամբ էթնիկ զտումները։