Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խոսել է աշխարհի և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կարևորելով դրանց հաղթահարման ուղղությամբ միջազգային հանրության միասնական ջանքերի անհրաժեշտությունը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ 1946 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում հիմնադիրները խոստացել են միավորվել՝ համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։
«Չնայած զգալի առաջընթացին, մենք պետք է խոստովանենք, որ ՄԱԿ-ի անդամ երկրների դեմ դեռևս ագրեսիա է իրականացվում», — ասել է նա։
Վարչապետը խոսել է Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մասին. «2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց իմ երկիր, ինչը հանգեցրեց մեր տարածքների 20 տոկոսի օկուպացմանը։ Այդ փուլում միջազգային հանրությունը ճանաչեց այդ ագրեսիան, սակայն մենք հասկացանք, որ համաշխարհային ժողովրդավարությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու ազատության և խաղաղության հաղթանակը»։