Վրաստանի քաղաքացիական «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հաղորդագրություն է տարածել, որով աջակցություն է հայտնում իրանցի կանանց:
«Միանում ենք Վրաստանում բնակվող Իրանի քաղաքացիների հանրահավաքին, որը կմեկնարկի ժամը 6-ին, խորհրդարանի դիմաց»,- նշված է «Սիրցխվիլիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Սիրցխվիլիա»-ն կոչ է անում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հավաքվել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց:
Ի դեպ, Իրանում արդեն վեց օր շարունակվում են ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա ուսանողուհու մահից հետո, որին ձերբակալել էր ոստիկանությունը` հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց ուսանողուհին մահացել է։
Իշխանությունների վարկածով՝ մահը տեղի է ունեցել «սրտի կանգի» պատճառով։ Հանգուցյալի հարազատները, սակայն, պնդում են, որ աղջիկը երբեք սրտի հետ կապված խնդիր չի ունեցել։ Նրանք կասկածում են, որ աղջիկը մահացել է իրեն հասցված հարվածներից։
Տեղի լրատվականների փոխանցմամբ՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր մարդկանց ցրելու համար: Հաղորդվում է, որ մեկ ոստիկան է սպանվել, իսկ չորսը վիրավորվել են երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Ցուցարարները շրջափակել են փողոցները, ուժայինների վրա քարեր նետել, հրկիզել ոստիկանական մեքենաներն ու աղբամանները և հակակառավարական կարգախոսներ վանկարկել։ Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մեշհեդում, հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում, հյուսիսում՝ Ռաշտում, կենտրոնում՝ Սպահանում և հարավում՝ Շիրազում, հանրահավաքներ են տեղի ունեցել:
Թեհրանից հյուսիս գտնվող Սարիում կանայք հրկիզել են իրենց հիջաբները։