Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողության ժամանակ արված լուսանկարի շուրջ սկսված արձագանքներին։
«Մնացած բոլոր դեպքերում ժամանակս ապարդյուն չէի վատնի և ուշադրություն չէի դարձնի նկարիս ներքո արված մեկնաբանություններին, ոչ մի արձագանք չէի տա, բայց իմ պատճառով չեմ ուզում քննադատության թիրախում հայտնվի մեր ականավոր, պրոֆեսիոնալ լուսանկարիչներից մեկը՝ Գիա Աբդալաձեն։
Westminster Abbey-ում լուսանկարիչների մուտքը խստիվ արգելել են։ Այս նկարը հանպատրաստից ուրիշն է արել արարողությունից հետո։ Գիայի սովորաբար անթերի նկարները (խոսքը լուսանկարչական որակի մասին է) տեղադրվեցին ավելի ուշ:
Ես այնքան զարմացած եմ իմ և իմ հագուստի նկատմամբ նման մեծ հետաքրքրությունից»,- գրել է Զուրաբիշվիլին։
Խոսքը Զուրաբիշվիլիի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությանը արված լուսանակրի մասին է, որը նախագահն տեղադրել է Instagram-ի իր էջում։
Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդների հետ ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության արարողությանը։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին։