Այսօր Վրաստանի Ազգային բանկը Միասնական եվրո վճարային տարածքին (SEPA — Single Euro Payment Area) անդամակցության պաշտոնական դիմում է ներկայացրել։
Ազգային բանկի տվյալներով՝ SEPA-ին միանալը ամենակարևոր քայլն է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։
«Հարկ է նշել, որ Վրաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը հայտ է ներկայացրել եվրո վճարային տարածքին միանալու համար։ Հայտի պատրաստման ընթացքում Ազգային բանկի թիմն ակտիվորեն աշխատել է տարբեր պետական կառույցների հետ։
SEPA ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել եվրոյով էլեկտրոնային վճարումները ողջ Եվրոպայում և ստեղծել վճարումների միասնական և ստանդարտացված համակարգ, որը հնարավորություն է տալիս սպառողներին և ձեռնարկություններին էլեկտրոնային վճարումներ կատարել եվրոյով՝ նույն հիմնական պայմաններով և նույն իրավունքներով ու պարտականություններով՝ անկախ այն հանգամանքից, թե որ ԵՄ անդամ պետությունում են գտնվում», — նշված է Ազգային բանկի տարածած տեղեկության մեջ։
Տեղեկության համաձայն՝ Վրաստանի անդամակցությունը SEPA-ին ձեռնտու կլինի մի քանի ուղղություններով. կհեշտանան առևտրային հարաբերությունները Եվրոպայի հետ, Վրաստանի քաղաքացիները կօգտվեն պարզեցված ծառայություններից։