Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Լևան Իոսելիանին հայտարարել է, որ ուսանողների համար բնակարանի ապահովումը պետք է նախապայման դառնա բուհերի հավատարմագրման (ավտորիզացիայի) համար։
Իոսելիանիի խոսքով, տարածաշրջանից Թբիլիսի ժամանած ուսանողների համար դժվար է բնակարան վարձել, քանի որ անշարժ գույքի գները բարձրացել են: Իոսելիանին նշել է, որ այսօր ոչ մի բուհ պատասխանատվություն չի կրում ուսանողներին կացարանով ապահովելու համար:
«Եվրոպայում, որին մենք ձգտում ենք, բոլորս գիտենք, թե ինչպես է այս գործընթացն իրականացվում` համալսարաններն ունեն հանրակացարաններ. իսկ եթե չունեն, ապա երկարաժամկետ պայմանագրերով նախօրոք ստանում են բնակարանային ֆոնդը և զեղչված գնով առաջարկում ուսանողներին: Նրանք ստեղծում են բոլոր տեսակի պայմանները, որ ուսանողները մտածեն իրենց գիտելիքների մասին, ոչ թե` ամսից ամիս ծայրը ծայրին հասցնելու մասին…»,- ասել է Իոսելիանին: