Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները, օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, օրերս Թբիլիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Գուրիայում և Մեստիայում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք. չորս անձ ձերբակալվել է։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 1986 թվականին ծնված Լ.Մ.-ին։ Ձերբակալվածի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել են հրազեն։
«Ոստիկանության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի Մեստիայի շրջանային բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են նախկինում դատապարտված, ներկայում պայմանական ազատազրկման դատապարտված, 1971 թվականին ծնված Ս.Ի.-ին։ Խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց հայտնաբերել են հրազեն, 12 պարկուճ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սամցխե-Ջավախեթիի բաժնի ծառայողները Ախալքալաքում ձերբակալել են ապօրինաբար հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով օտարերկրյա պետության քաղաքացի՝ 1983 թվականին ծնված Ի.Բ.-ին։ Ձերբակալվածի անձնական և տրանսպորտային միջոցի խուզարկության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են հրազեն, 11 պարկուճ։
Տվյալների համաձայն, ոստիկանության Գուրիայի բաժնի ծառայողները Չոխատաուրիում գտնվող իր տանը բերման են ենթարկել 1973 թվականին ծնված, նախկինում դատված Մ.Կ.-ին։ Նրա տանը կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է իրեղեն ապացույց «Մակարով» տեսակի հրազեն և ութ պարկուճ։
Հանցագործության հաստատման դեպքում նրանց սպասվում է մինչև յոթ տարի ազատազրկում։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է հրազեն և ռազմամթերք ապօրինի գնելուն, պահելուն ու կրելուն։