Ավտոլցակայաններում ստուգումներ կանցկացվեն

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին հայտնել է, որ միությունը նախատեսում է ստուգումներ սկսել ավտոլցակայաններում, հայտնում է BM.GE-ն:

Իոբաշվիլին նշել է, որ նախկինում ևս մոնիտորինգի նման պրակտիկա ունեցել են, ինչը արդյունավետ է աշխատել։ Նրա խոսքով, վառելիքի որակը պետք է ստուգվի:

Ըստ միության նախագահի, այս ամենն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը:

«Մենք նախկինում ունեինք դա անելու լիազորություն, ունեինք հավատարմագրված փորձագետներ, պայմանագրեր ունեինք հավատարմագրված լաբորատորիաների հետ և ստուգում էինք որակը: Մոնիտորինգի հարցը այս փուլում մշակվում է ծրագրի մակարդակով։ Դրանից հետո կտեղեկացնենք բոլոր համապատասխան գերատեսչություններին և Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության հանձնաժողովին»,- ասել է Իոբաշվիլին։

Նավթամթերք ներկրողների միության նախագահի խոսքով, մշտադիտարկումը արվելու է միության ֆինանսական միջոցներով։