Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Վրաստանի հայ համայնքը Թբիլիսիի Ավլաբարի թաղամասից մեկնարկեց երթ դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ ընդդեմ Հայաստանի նկատմամաբ ադրբեջանական ագրեսիայի, հաջակցություն Հայաստանի:
Երթի մասնակիցները նշեցին, որ հավաքն ինքնաբուխ է․ այսպիսով համայնքն իր բողոքն է արտահայտում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայասանի սուվերեն տարածքի նկատմամբ իրականացրած լայնամասշտաբ ագրեսիայի դեմ:
Ռիկղեի այգի չհասած, սակայն, Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խոչընդոտեցին ցույցի մասնակիցների երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Արդյունքում իրավապահները մասնակիցներից ոմանց բերման ենթարկեցին, «Ալիք մեդիային» հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներին 2 ժամ անց բաց են թողել։
«Նման հանրահավաքներ Թբիլիսիում եղել են, սակայն իրավապահ մարմինների կողմից դեռևս նման արձագանքի ականատես չէինք եղել։ Ես մասնակցում եմ յուրաքանչյուր նման հավաքի, սա մեր կարծիքն է, որ իրավունք ունենք արտահայտել խաղաղ ցույցի միջոցով, լսելի դարձնելու հայության ձայնը նաև հարևան Վրաստանից», — ասում է մասնակիցներից մեկը «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Ռիկղեից ցուցարարներն Ադրբեջանի դեսպանատան փոխարեն ստիպված եղան փոխել ակցիայի վայրը՝ շարժվելով դեպի Վրաստանի խորհրդարան։ «Ալիև հեռացիր», «Ադրբեջանն ագրեսոր է» վանկարկություններով, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի դրոշները պարզած, մասնակիցներն իրենց ձայնն էին փորձում լսելի դարձնել:
«Ադրբեջանը, Ալիևը իր կատարած վայրագությունների համար անպատիժ մնալով աշխարհի կողմից, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ փորձում է առաջ տանել մեծ թուրանի գաղափարը, որի համար անընդունելի է քրիստոնյա ազգերի գոյությունն այս տարածաշրջանում։ Այս ամենը փաստում է ալիևների գերության մեջ գտնվող, Ադրբեջանում հայերի դեմ թշնամանքով դաստիարակող սերունդը, ադրբեջանցի զինվորականները՝ իրենց ռազմական վայրագություններով։
Հայերի դեմ ռազմական հանցագործություններն արտահայտում են Ադրբեջանում ատելության լեզվի աստիճանը։ Դրա փաստացի վկայությունը իրենց՝ ադրբեջանցիների ձեռքով նկարահանված համազանցը ցնցած տեսագրություն է, որտեղ ցուցադրում են հայ զինվորական կնոջ նկատմամբ իրենց գործած դաժանությունը, սարսափելի խոշտանգումները», — խորհրդարանի շենքի մոտ ելույթ ունենալով՝ հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը։
Ելույթ ունեցավ նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Վրաստան տեղափոխված հայազգի մի աղջիկ․
«Մենք դեմ ենք ագրեսորներին, մենք դեմ ենք պատերազմին, փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք Հայաստանին»։
Կարդացեք նաև՝
Ցույց Թբիլիսիում ի աջակցություն Հայաստանի. ոստիկանությունը խոչընդոտել է