Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր «Հայարտուն» կենտրոնում իր առաջին հանդիպումն ունեցավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ. դեսպանն ու ներկաները մտքեր փոխանակեցին Հայաստան–Վրաստան հարաբերությունների և Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների շուրջ։
«Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում դեսպանը նշեց, որ նրա գործունեության առաջնահերթությունները լինելու են ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների բարելավման։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ամեն ջանք ներդնում է Հայաստանում Ադրբեջանի ագրեսիան Վրաստանում ներկայացնելու համար, մենք փորձում ենք հասարակական և քաղաքական, նաև` խորհրդարանական շրջանակներում և վրացական մամուլում անդրադառնալ այս հարցին, բարձրացնել իրազեկվածության մակարդակը»։
Հայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը հարց հնչեցրեց Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչին ի պատասխան դեսպանն ասաց․ «Չեմ կարծում, որ Հայաստանում այսօր դրված է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներին, կարծում եմ, այնքան էլ չեն գոհացնում ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը»։
Դեսպանն ընդգծեց` իմ սկզբունքն է` լինել շատ Հայաստան Վրաստանում և շատ Վրաստան` Հայաստանում.
«Այսօր մենք ունենք ավելի ակտիվ հայկական կյանք Վրաստանում։ Բնականաբար, հայ համայնքը պետք է պահպանի իր ինքնությունը. լինելով Վրաստանի օրինապաշտ քաղաքացի, այսուհանդերձ, կարող է նաև Հայաստան-Վրաստան կապող կամուրջ դառնալ»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող գործողությունների վերաբերյալ դեսպանը նշեց, որ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ նպատակ ունի ինչ-որ կերպ միջանցք բացելու Թուրքիայի հետ․
«Ներխուժելով Հայաստանի տարածք` Ադրբեջանը փորձում է բռնի ուժով միջանցք բացել, բռնի ուժով ստիպելով Հայաստանին` գնալ խաղաղության կամ խաղաղության փաստաթղթի, իր պատկերացրած ճանապարհով։ ՀՀ-ի համար կան սահմաններ և կարմիր գծեր, այդ թվում` Արցախի ժողովրդի անվտանգությունը և խաղաղ կեցությունն իրենց բնակավայրերում»։
Սմբատյանը հավելեց, որ հայ և վրաց ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն, և իրենց գլխավոր նպատակն այն է, որ կարողանան ընդհանուր ուժերով դուրս գալ ստեղծված իրավիճակից։