Սեպտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի կազմակերպած «Հայաստան-Վրաստան. անվտանգային մարտահրավերնե՞ր, թե՞ մարտահրավերներ անվտանգության համար» («Armenia and Georgia: Security challenges or challenges for security?») խորագրով հանրային քննարկմանը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Նշվում է, որ քննարկմանը փորձագետներ են հրավիրված եղել Հայաստանից ու Վրաստանից։
Իր ողջույնի խոսքում, շնորհակալություն հայտնելով քննարկմանը մասնակցելու հրավերի համար, դեսպան Սմբատյանը մանրամասն ներկայացրել է վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիան՝ որպես միջազգային իրավունքի` ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում, ընդգծել է իրականացված ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության և գործընկեր բոլոր պետությունների հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը։
«Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ամբողջ տարածաշրջանին սպառնացող անվտանգային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության կարևորությանը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ։