Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 15

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և հայտարարել, որ դատապարտում է վտանգավոր էսկալացիան։

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված իրադարձությունները չեն վրիպել վրացական մամուլի ուշադրությունից: Հատկանշական է, որ որոշ մեդիաներ իրենց նյութերում հղում են կատարել հայկական աղբյուրներին, ոմանք էլ` ադրբեջանական, ավելին՝ այստեղ:

Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերություններ (ՀԿ) ստորագրահավաք են սկսել` այդ կերպ արձագանքելով վերջին շրջանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` քաղաքացիական ՀԿ-ների դեմ ԶԼՄ-ների միջոցով հարձակման փաստերին։

Վրաստանի ներքին գործերի  (ՆԳ) փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, վերջին 10 ամսում 772 մարդ վարչական կարգով ձերբակալվել է անսթափ վիճակում երկրորդ անգամ մեքենա վարելու համար։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այնքան է կուրացել թշնամուն ծառայելով, որ չի էլ տեսնում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջև ինչ մեծ տարբերություն կա:

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասել է, որ սեպտեմբերի 27-ին՝ Վրաստանից չվերահսկվող Սոխումիի անկման օրը, պատրաստվում են միջոցառում անցկացնել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնել է իր ուրախությունն այն կապակցությամբ, որ 2023 թվականին ITB Berlin խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսում Վրաստանն է լինելու հյուրընկալող երկիրը:

Ռուս լրագրող, քաղաքացիական ակտիվիստ, 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ժամանել է Թբիլիսի:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարվել է 17 հազար 774 հղիության արհեստական ընդհատում (աբորտ), ինչը 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա աբորտների ընդհանուր թվից։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում երկրում գրանցվել է 11 հազար 376 ամուսնություն։

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 16,1 տոկոսով՝ 213,3 լարիով, և կազմել 1 541,3 լարի։