Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերություններ (ՀԿ) ստորագրահավաք են սկսել` այդ կերպ արձագանքելով վերջին շրջանում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` քաղաքացիական ՀԿ-ների դեմ ԶԼՄ-ների միջոցով հարձակման փաստերին։
ՀԿ-ները նշել են, որ մտահոգիչ են հատկապես իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի և կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունները՝ ՀԿ-ների եկամուտների առնչությամբ։
Ըստ ՀԿ-ների` հայտարարություններում նրանք կասկածի տակ են դրել նաև կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը։
«Նշված մեղադրանքները չունեն իրավական հիմք և վարկաբեկիչ ազդեցություն են ունենում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների վրա, նաև սպառնում են երկրում քաղաքացիական և իրավապաշտպան կազմակերպությունների համար անվտանգ միջավայրի գոյությանը»,- ասված է ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 13-ին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) ՀԿ-ները դարձել են «քաղաքական կուսակցություններ» և չեն կարող ներգրավվել խորհրդարանում:
Անհիմն մեղադրանքների առարկա է դարձել նաև «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) «Ֆաքտ-չեք» (FactCheck.ge) մեդիա նախագիծը: Սա առաջին դեպքը չէ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները հալածում են քննադատող ՀԿ-ներին` անվանելով նրանց «քաղաքական կուսակցություններ»:։
ՀԿ-ները մտահոգություն են հայտնել բարձրաստիճան պետական պաշտոնյաների` անկախ ՀԿ-ների նկատմամբ ձեռնարկած նմանօրինակ հարձակումները.
«Նման հայտարարությունները կարելի է համարել նախաազդանշան և սպառնալիք` երկրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազատ միջավայրի նկատմամբ… Նման վարչակարգերի միտումը ՀԿ-ների, հատկապես իրավապաշտպան և ժողովրդավարացման կազմակերպությունների վրա հարձակումն է, նրանց ֆինանսական շրջանառության վերահսկումը և «օտարերկրյա գործակալներ» հռչակումը: Նման միտում է նկատվում Ռուսաստանում, Ադրբեջանում, Հունգարիայում և այլուր…»:
ՀԿ-ները նշել են, որ Վրաստանի կառավարությունը, համաձայն մի շարք միջազգային պայմանագրերի, պարտավոր է աջակցել երկրում գործող ՀԿ-ներին և նրանց դրական դերին՝ մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության կառուցման գործում:
«Անհրաժեշտ է, որ ՀԿ-ները և քաղաքացիական սեկտորի այլ ներկայացուցիչները մասնակցեն քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացին…»,- ընդգծել են նրանք:
Ստորագրող կազմակերպությունները պահանջում են պետական պաշտոնյաներից`
- դադարեցնել հարձակումները և ոտնձգությունները ՀԿ-ների նկատմամբ,
- ամրապնդել քաղաքացիական սեկտորի, այդ թվում՝ նրա կարևորագույն մասի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում և նրանց հետ առողջ քննարկում ու երկխոսություն վարել,
- ապահովել քաղաքացիական ՀԿ-ների և իրավապաշտպանների գործունեության համար անվտանգ և ազատ միջավայրի առկայությունը, որն արտահայտվում է նրանց հանրային աջակցություն հայտնելով, նաև նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների արդյունավետ քննությամբ։
Ստորագրող կազմակերպություններն են.
- Թբիլիսիի Մարդու իրավունքների տուն
- Մարդու իրավունքների կենտրոն
- Մեդիա ինստիտուտ
- Ներգրավման և զարգացման կենտրոն
- Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS)
- Մարդու իրավունքների զարգացման հիմնադրամ
- Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հիմնադրամ
- Բաց հասարակություն-Վրաստան և այլն:
Նշենք, որ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «Ֆաքտ-չեք» (FactCheck.ge)»-ին և մի շարք հասարակական կազմակերպությունների մեղադրել է քաղաքական կողմնակալության, ապատեղեկատվություն տարածման և ֆինանսական թափանցիկության բացակայության համար: