Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց այս տարի մուտք գործեց 29 առաջին դասարանցի։ Դպրոցի տնօրենը մեծ ոգևորությամբ է հայտնում, որ այս տարի` անցյալ տարվա համեմատ, 10-ից ավելի աշակերտ է ընդունվել դպրոցի առաջին դասարան։
Ինչպես Վրաստանի այլ դպրոցներում, թիվ 104-ում ևս 2022-23 ուսումնական տարին սկսվեց Վրաստանի դրոշը բարձրացնելով, հնչեց նաև պետական օրհներգը։ Այնուհետև առաջին դասարանցիներին` առաջին դասի զանգի ներքո, ուսուցիչներն ուղեկցեցին դասասենյակներ։
Առաջին դասարանցիներին հանձնվեցին կրթության և գիտության նախարարության տրամադրած համակարգիչները և դասագրքերը։
Այսպիսով, այս տարի հայկական դպրոց մուտք գործեց 29 առաջին դասարանցի, և դպրոցի աշակերտների թիվը կազմեց 250։
«Ուզում եմ շնորհավորել բոլոր առաջին դասարանցիներին, աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Այն բոլոր փոքրիկները, որոնք ընտրել են հայկական դպրոցը, թող հասնեն իրենց նպատակներին և արդարացնեն ծնողների սպասելիքները, ապրեն խաղաղ երկնքի ներքո», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը։
Ժամկոչյանն ընդգծում է, որ 104-ի աշակերտները մեծ հաջողություններ են գրանցում, տարեցտարի ավելանում է աշակերտների ոգևորությունը` սովորել և բարձր պահել դպրոցի պատիվը․
«Անցյալ տարվա ավարտողներից 13-ն ընդունվել են տարբեր բուհեր, նրանցից 6-ը` 100 տոկոսանոց դրամաշնորհով․ 2 աշակերտ ազգային ուսումնական օլիմպիադայում ստացել է գումարային մրցանակ, 6-ը դպրոցն ավարտեցին ոսկե մեդալով։ Կարծում եմ, աշակերտների գրանցած արդյունքը վկայում է, որ դպրոցում նրանք մեծ ոգևորությամբ են սովորում»։
Դպրոցի աշակերտների ծնողներից մեկը` Լուսինե Նալբանդյանը, ասում է, որ ուրախությամբ է ամեն տարի երեխային ճանապարհում այդ դպրոց, և վստահ է, որ իր երեխան շատ ձեռքբերումներ է ունենալու․
«Երեխաս հաճախում է այս դպրոց, մյուս երեխաս էլ` երբ մեծանա, անպայման հայկական դպրոց է հաճախելու, դա նրանց համար միայն առավելություն կլինի. համոզված եմ, դեռ բազում առաջընթացներ է ունենալու աղջիկս և հաստատ չի զիջելու այլ դպրոցների աշակերտներին։
Երեխային հայկական դպրոց ուղարկելը չի նշանակում` զրկել վրացերենի ուսումնասիրության հնարավորությունից։ Ես ուրախ եմ, որ իմ երեխան կարող է սովորել և՛ մայրենի լեզուն, և՛ պետականը։ Միանշանակ է, որ կարևորը ցանկությունն է»։