Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին Բելառուսի մայրաքաղաքում կհանդիպի «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարությանը:
Վրաստանի Էներգետիկայի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության հերթական աշխատանքային հանդիպումը կվերաբերի Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան բնական գազի տարանցմանը:
Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, ստանում է գազամուղով անցնող գազի 10 տոկոսը: Անցյալ տարի ռուսական կողմի պնդումներին, որ Վրաստանը ստանա Հայաստան արտահանվող գազի 10 տոկոսի փոխարեն գումարը, Վրաստանի իշխանությունները չհամաձայնեցին:
Հիշեցնենք` նախորդ տարի Վրաստանի կառավարությունը պատրաստվում էր «Գազպրոմից» գնել առավել մեծ ծավալներով բնական գազ, սակայն երկրում սկսված բողոքի ակցիաների արդյունքում համաձայնագիր չկնքվեց: