Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է գաղտնալսման մասին օրենքի փոփոխված նախագիծը, որին վետո է դրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Խորհրդարանի նախագահի խոսքով, ոչ նախագահի վետոյում, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ որևէ նկատառում չկա իրավական խնդիրների մասին։
Պապուաշվիլին նշել է, որ օրենքի նախագիծը դիտարկվել է ոչ հրատապ կարգով, և գործընթացին հնարավորություն են ունեցել մասնակցելու համապատասխան պետական գերատեսչությունները, բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այդ թվում միջազգային դերակատարները:
«Օրենքի ընդունման նպատակահարմարության որոշումը Վրաստանի խորհրդարանի իրավասությունն է»,- ասել է Պապուաշվիլին:
Օրենքի նախագիծը, որը քննադատության է ենթարկվել Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների կողմից, հունիսի 7-ին ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից։ Հունիսի 22-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին իր նախագահության օրոք առաջին անգամ կիրառել է վետո՝ գաղտնալսման մասին օրենքի վրա:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը օգոստոսի 26-ին հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։ Հանձնաժողովի կարծիքով՝ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ կապված գաղտնի քննչական գործողությունների ընթացակարգի փոփոխության հետ, հապճեպ ընդունվել են և վերանայման կարիք ունեն։
Եզրակացությունն իմանալուց հետո՝ սեպտեմբերի 6-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն և խորհրդարանի առաջին աշնանային լիագումար նիստում ընդունել է օրենքը, որը թույլ է տալիս իրավապահ մարմիններին ավելի հեշտությամբ լսել ավելի շատ քաղաքացիների։
Գաղտնալսումների նոր սկանդալ Վրաստանում. բացահայտվել են հոգևորականների անձնական կյանքի մանրամասներ