Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված կրակոցներին է անդրադարձել վրացական մամուլը։
Վրացալեզու «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած նյութում ասվում է․ «Հայաստանը հայտնում է սահմանի մոտ ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին, իսկ Բաքուն հայտնում է հայկական զինված ուժերի կազմակերպած դիվերսիաների մասին»:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երեքշաբթի` սեպտեմբերի լույս 12-ի գիշերը, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել սահմանամերձ քաղաքների ուղղությամբ, այդ թվում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանու, խոշոր տրամաչափի զենքերի և գնդացիրների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Գորիս, Սոթք և Ջերմուկ քաղաքների ուղղությամբ, հարձակում է իրականացվել Հայաստանի զինված ուժերի դիրքերի վրա»,- մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը ՀՀ ԶՈՒ-ի հայտարարությունը` հավելելով, որ Ադրբեջանն օգտագործում է նաև անօդաչու թռչող սարքեր։
«Ազատություն»–ը նաև հավելում է․ «Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է Երևանին` մի քանի ուղղություններով իրականացված լայնածավալ դիվերսիաների համար»։
Մթավարին գրում է, «ՀՀ լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ռմբակոծել է հայկական Վարդենիս և Ջերմուկ քաղաքները։ Պայթյունների ձայներ են լսվում նաև Գորիսի և Տաթև գյուղի մոտակայքում։
Լրատվականը նաև մեջբերում է ադրբեջանական կողմի հայտարարությունը․ «Հայաստանը լայնածավալ սադրանք է ձեռնարկել Ադրբեջանի զինված ուժերի դեմ, և նրանք ստիպված են եղել ինտենսիվ կրակ բացել»։
«Նեթգազեթին» հրապարակել է հոդված` նշելով միայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունից մի հատված․ «Ադրբեջանը ռմբակոծում է հայկական քաղաքները»։
Imedi-ն ևս հրապարակել է երկու կողմի հայտարարությունները, նաև հավելել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կոչ է արել միջազգային գործընկերներին` ստիպել Ադրբեջանին հրաժարվել բռնի գործողություններից։
Ընդդիմադիր Formula-ն հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով․ «Ադրբեջանը ինտենսիվ ռմբակոծում է հայկական սահմանամերձ դիրքերը», այնուհետև մեջբերել է երկու կողմի հայտարարությունները։