Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո նախագահի «պետական խորհրդական» Կոնստանտին Կոչիևը Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ Հարավային Օսիան մտահոգված է Վրաստանում լայնածավալ զորավարժություններով և համաշխարհային առաջնորդների՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու կոչերով։
Նա հույս է հայտնել, որ Վրաստանում ողջախոհություն կդրսևորեն և չեն տրվի այդ սադրանքներին:
Հանդիպմանը քննարկվել է Ժնևի բանակցությունների առաջիկա փուլի նախապատրաստման հարցը, որը, հավանաբար, կանցկացվի հոկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ Ցխինվալի կայցելեն ԵԱՀԿ, ԵՄ և ՄԱԿ-ի համանախագահներ Վիորել Մոշանուն, Տոյվո Կլաարը և Ջիհան Սուլթանօղլուն:
«Սա այս տարվա առաջին հանդիպումն է, մարտ և հունիս ամիսներին նախատեսված հանդիպումները չեն կայացել, նախկինում էլ եղել են նմանատիպ դադարներ, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Բացի այդ, մեր աշխատանքը երկար ժամանակ հանդիպել է տարբեր խոչընդոտների, անդրկովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ։ Ձգձգումները ազդում են Ժնևի գործընթացի վրա», — հանդիպման ժամանակ ասել է Կոչիևը։
Նրա խոսքով՝ Ժնևի քննարկումն այլընտրանք չունի. այնտեղ անվտանգության հարցերը դիտարկվում են որպես բանակցային հարթակ։
«Բանակցությունների հիմնական հարցը ուժի չկիրառման վերաբերյալ պարտադիր իրավական փաստաթղթի ստորագրումն է», — հավելել է Կոչիևը։
ԵԱՀԿ համանախագահ Վիորել Մոշանուն ասել է, որ համանախագահները պատրաստ են քննարկել հաջորդ փուլի օրակարգի բոլոր հարցերը։
«Մենք հանդիպել ենք ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ և պատրաստվում ենք Մոսկվայում հանդիպել ռուսական կողմի հետ։ Մենք հավատարիմ ենք Ժնևի ձևաչափին, հանդիպումներ ենք անցկացնում և պատրաստ ենք հոկտեմբերի 5-ին զրույցը շարունակել Ժնևում »,- ասել է Մոշանուն։
Ի դեպ, Ժնևում միջազգային բանակցությունների ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, հրադադարի համաձայնագրի համաձայն։ Սկզբում այն անցկացվում էր տարին չորս անգամ, սակայն պարբերականությունը, տարբեր պատճառներով, բազմիցս խախտվել է։
Բացի Վրաստանից և Ռուսաստանից, բանակցություններին մասնակցում են Ցխինվալիի և Սոխումիի ներկայացուցիչները։ Հանդիպումներին մասնակցում է ԱՄՆ-ը, իսկ գործընթացը համանախագահում են Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։