Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող կուսակցությունը պատրաստ է 2024 թվականից ընտրություններում լայնորեն կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաները։
Կոբախիձեն նշել է, որ խոսքը էլեկտրոնային գրանցման և քվեարկության սարքերի օգտագործման մասին է, որոնց փորձն արդեն կա Վրաստանում:
«Աշխատանքային խմբում ներկայացված առաջարկների մի մասը վերաբերում էր ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների համատարած ներդրմանը։
Անցյալ տարի քվեարկության ընթացակարգն իրականացվել է Թբիլիսիի Կրծանիսի շրջանում՝ ամբողջությամբ էլեկտրոնային սարքավորումների միջոցով։ Այս տարի սակրեբուլոյի միջանկյալ ընտրություններն անցկացվել են Բաթումիի քաղաքապետարանի ութ ընտրական տեղամասերում՝ օգտագործելով էլեկտրոնային սարքավորումներ»,- ասում է Կոբախիձեն։
Նրա խոսքով, էլեկտրոնային տեխնոլոգիաներով քվեարկությունը կտարածվի ընտրողների առնվազն 70 տոկոսի վրա.
«Էլեկտրոնային քվեարկությունը վերջնականապես կուժեղացնի հանրության վստահությունը ձայների հաշվարկի նկատմամբ, կվերացնի ընտրական գործընթացում անհավասարակշռության խնդիրը և ընդմիշտ վերջ կտա ընտրության ընթացքում հնչող շահարկումներին»:
Կոբախիձեի խոսքով, խորհրդարանը այդ հարցով շփվում է կառավարության հետ, և պատրաստակամություն կա միջոցներ հատկացնելու էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման համար։