Լրագրողական էթիկայի խարտիան արձագանքում է լրագրողին կառավարության ասուլիսին մասնակցությունն արգելելու փաստին և հայտարարում, որ հանրային գերատեսչության նման պահվածքն անընդունելի է։
Խոսքը BM.GE-ի լրագրող և խմբագիր Թելարա Գելանտիայի մասին է. այսօր նրան թույլ չեն տվել ներկա լինել կառավարության անդամների ասուլիսին։
«Լրագրողական էթիկայի խարտիան համարում է, որ լրատվամիջոցների նկատմամբ անհավասար մոտեցումն անընդունելի և խտրական է։ Զանգվածային լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության կայացման գործում անփոխարինելի է, հետևաբար կարևոր է, որ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները գործեն հավասար պայմաններում։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը` խտրական վերաբերմունք չդրսևորել քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ»,- ասված է խարտիայի տարածած հաղորդագրության մեջ։