Վրացի գրող և բանաստեղծ Իլիա Ճավճավաձեի մահվան 115–ամյակի առթիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է նրա գործունեության մասին:
Ըստ Ղարիբաշվիլիի, ամբողջ աշխարհում դժվար է գտնել դեպք, երբ մեկ մարդը նման անհավանական անձնական ջանքեր գործադրի երկրի ապագայի կառուցման համար։
Իրակլի Ղարիբաշվիլիի դիտարկմամբ, Իլիա Ճավճավաձեի կատարածը մշակույթի, քաղաքականության, տնտեսության, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` նախանշել է երկրի զարգացման ճանապարհը, որով Վրաստանը ընթանում է այսօր։
«Այսօր լրանում է Վրաստանի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Իլիա Ճավճավաձեի մահվան 115-րդ տարելիցը։
Այսօր ևս մեկ անգամ մեծագույն երախտագիտության զգացումով հարգանքի տուրք ենք մատուցելու այն մարդուն, ում իրավամբ անվանում ենք ազգի հայր։ Վրաստանը երբեք չի մոռանա Իլիա Ճավճավաձեի պայծառ հիշատակը»,- ընդգծել է վարչապետը։
Նշենք, որ վրացի գրող, բանաստեղծ, լրագրող և իրավաբան Իլյա Ճավճավաձեն ծնվել է 1837 թվականի նոյեմբերի 8–ին և մահացել 1907–ի սեպտեմբերի 12-ին։