Թբիլիսիի պետական համալսարանում մարտի 10-ից մասամբ խաթարված է դասապրոցեսը: Բազմաթիվ ուսանողների դժգոհության պատճառը Գեորգի Գափրինդաշվիլիին` բուհի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու որոշումն է: Մի քանի տասնյակ ուսանողների նախաձեռնած դասադուլը երկու օրվա ընթացքում վերաճել է բողոքի մեծ ալիքի: Հարյուրավոր ուսանողներ նույնիսկ գիշերները չեն լքում համալսարանի տարածքը: Ուսանողները նաև պահանջում են` փոխել համալսարանի ղեկավարի ընտրության կարգը, ռեկտորատի և աշխատակազմի կողմից ինքնակառավարման իրավասությունը հասցնել նվազագույնի: Բողոքող ուսանողները գտնում են, որ Գափրինդաշվիլիին նշանակելը կբերի արտոնյալ խմբերի իրավունքների` էլ ավելի ամրապնդմանը և համալսարանի բյուջեի ոչ նպատակային օգտագործմանը:
Մարտի 14-ին ուսանողների բողոքը դարձել է անկառավարելի: Ուսումնական պրոցեսի ղեկավարման գործակալության դիմաց բողոքող և այս պահին գործող կարգը սատարող ուսանողների միջև բախում է տեղի ունեցել, որը սաստվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից: Ոստիկանական ուժերը տեղում ծառայություն են իրականացնում` իրավիճակը վերահսկելու նպատակով:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ավելի վաղ հայտարարություն տարածեց, որ Գեորգի Գափրինդաշվիլին պատրաստ է հետ կանգնել իր որոշումից, չնայած նախօրոք հայտարարել էր, թե չի կարող հուսախաբ անել այն մարդկանց, ովքեր իրեն վստահել են, սակայն ելնելով իրավիճակից, որը գնալով անկառավարելի է դառնում, համաձայն է գնալ զիջումների: