Armenia Art & Architecture էջում հրապարկված գրառումը, որտեղ Վրաստանում գտնվող Կացխիի սյան լուսանկարի ներքո նշված է Հայաստան, վրացալեզու հարթակում բազմաթիվ հակահայկական արձագանքների է արժանացել։ Հայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է, որ էջը ունի իրանական ծագում, և որ այն հայկական չէ․
«Իրանական ծագում ունեցող ճարտարապետական կազմակերպությունը, որը գտնվում է Իտալիայում և ունի Art & Architecture կոչվող 1․5 միլիոն հետևորդ ունեցող էջ՝ աշխարհի տաբեր պետությունների մասին, այդ թվում նաև Հայաստանի մասին: Էջը ղեկավարում են տարբեր անձինք։
Հատկանշական է, որ Armenia Art & Architecture էջը ղեկավարում են ոչ հայազգի, և ոչ հայաստանաբնակ, այլ ազգությամբ պարսիկ ընկերության աշխատակիցներ, ովքեր և սխալմամբ տեղադրել են այս տեղեկությունը», — պարզաբանում է Թումասյանը։
Գիորգի Թումասյանը նշում է, որ վերոնշյալ սխալ տեղեկության հետևանքով վրաց հասարակության շրջանում ստեղծվել է հակահայկական մթնոլորտ․
«Սոցցանցերի ազգությամբ վրացի հետևորդները հետևություն են արել, որ էջը ղեկավարվում է հայերի կողմից, այսպես ասած՝ տարածվել է «արմենոֆոբիա», այսինքն տարբեր ուղղություններով տարածվել է «ատելության լեզու» հայերի նկատմամբ, որը հաճախ իրենից ներկայացնում է ծաղրանք»։
Թումասյանը ընդգծում է՝ իր համար իհարկե անընդունելի է նման արձագանքը, և վերջինս քայլեր է ձեռնարկել պարզաբանելու համար ճշմարտություն․
«Որպես Վրաստանի հայ համայնքային հարթակի ղեկավար, կապ եմ հաստատել այս կազմակերպության հետ և նրանք ոչ միայն ջնջել են հրապարակված լուսանկարը և նկարագրությունը, այլև էջը գրառում է արել, որտեղ ներողություն են խնդրում տեղի ունեցած սխալի համար և պատմում իրողությունը»։
«Մեր սիրելի հայ ընկերներ և ԸՆՏԱՆԻՔ
Վրաստանից Գիորգի Թումասյանը կապ հաստատեց մեզ հետ և խնդրի հետ կապված տեղեկություն տրամադրեց այն մասին, որ Կացխի սյունը գտնվում է Վրաստանում և սխալմամբ մեր Art & Architecture ցանցի էջերից մեկում գրվել է, որ այն գտնվում է Հայաստանում։ Ցանկանում ենք ներողություն խնդրել Armenia Art & Architecture էջի մեր համակարգողի սխալի համար և ուզում ենք նաև ընդգծել, որ գրառումը արվել է ազգությամբ ոչ հայ անձի կողմից։
Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», — նշված է հաղորդագրության մեջ։
Այս թեմայի շուրջ սոցցանցերում գրառում է հրապարակել վրացի լրագրող և քաղաքացիական ակտիվիստ Շոթա Ներսիան, կոչ անելով զերծ մնալ կարծրատիպեր տարածելուց․
«Ֆեյսբուքյան էջը, որտեղ նշվում էր Հայաստանը որպես Կացխիի սյան վայր, հայերի հետ կապ չունի։ Էջի 9 ադմինիստրատորներից ոչ մեկը Հայաստանից չէ։ Ներկայումս էջը ղեկավարում է 7 անձ Իտալիայից, 1-ը՝ Կանադայից և 1-ը՝ Իրանից։ Այն պատկանում է Իտալիայում իրանցիների հիմնադրած «Process International Group» ընկերությանը։ Նրա գրասենյակը գտնվում է Հռոմում
Խնդրում եմ, զերծ մնանք այս անհեթեթությունից և չսնուցենք հարևան ազգի մասին կարծրատիպեր և չխրախուսենք հայատյացությունը»։
Գիորգի Թումասյանը նկատում է, սրանով այս դեպքի հետ կապված խնդիրը լուծված է, սակայն Վրաստանում հայատյացության խնդիրը դեռևս առկա է, և ավելի է աճում։
«Հարցի լուծման համար անհրաժեշտ է նաև, որ ճանաչվի այս խնդիրը, ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանի և Վրաստանի պետական մարմինների կողմից, որպեսզի հնարավոր լինի խնդիրը ճանաչելուց հետո աշխատել լուծման ուղղությամբ, հայ և վրաց հասարակության հետ», — ասում է Թումասյանը:
Նշենք նաև, որ մի քանի վրացական լրատվամիջոցներ, այդ թվում palitravideo.ge-ն հրապարակել են հոդված այս թեմայի շուրջ՝ «Հայկական ընկերությունը Կացխիի սյունը ներկայացրել է որպես իրենց երկրի ճարտարապետություն» վերանգրով՝ տարածելով սխալ տեղեկություն այն մասին, թե ընկերությունը հայկական է։