«Գիգի Ուգուլավան երկրի սահմանը հատելու բոլոր իրավաբանական հիմքերն ունի, կարող է նաև արտերկիր մեկնել` Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպելու նպատակով»: Այս մասին հունվարի 10-ին հայտարարել է օրեր առաջ ազատ արձակված Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր առաջնորդներից Գիգի Ուգուլավայի փաստաբան Բեքա Բեսելիան: Փաստաբանի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսիի նախկին քաղաքապետի հանդեպ այլ Քրեական գործեր ևս հարուցվել են, այդուհանդերձ Ուգուլավային չի արգելվում հատել երկրի սահմանը:
Հիշեցնենք` Թբիլիսիի նախկին քաղաքապետի նկատամբ 4 Քրեական գործ է հարուցված: Նա մեղադրվում է դեռ 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ ցույցը ցրելու մեջ: Քրեական մյուս գործերով Ուգուլավան մեղադրվում է «Մթածմինդա» այգին ապօրինի կերպով սեփականացնելու ու «Սիթի պարկ» ընկերության օգտին որոշումներ կայացնելու մեջ, ինչի արդյունքում պետբյուջեն կորցրել է ավելի քան 1 մլն լարի:
Ուգուլավան մեղադրվում է նաև Թբիլիսիի զարգացաման հիմնադրամի բյուջեից 48 մլն լարի վատնելու մեջ, տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
Հիշեցնենք` Ուգուլավան բանտից ազատ է արձակվել հունվարի 6-ին: Նա ասել է, որ այսօր կարևորում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներսում տիրող իրավիճակը և այդ նպատակով պատրաստ է հանդիպել կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միիխաիլ Սահակաշվիլիի հետ: