Վրաստանի կառավարության կարճաժամկետ ծրագրով նախատեսվում է ուժեղացնել տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկողությունը։
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և 81 կողմ ձայնով հաստատել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է կայանման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։
Գերմանիայի փախստականների և միգրանտների հարցերով դաշնային գրասենյակի վիճակագրության համաձայն 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Գերմանիայում ապաստան հայցողների թիվն աճել է 163,5 տոկոսով։
Ռուսական հասարակական հետազոտական Левада-Центр կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի և հակաարևմտյան քարոզչության ֆոնին ռուսների դրական վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ հասել է իր գագաթնակետին. օգոստոսին Левада-Центр-ի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 88 տոկոսը լավ է վերաբերվում Չինաստանին, իսկ 5 տոկոսը՝ բացասական վերաբերմունք ունի:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի 7-րդ նիստի անցկացմանը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի կարծիքով՝ սխալ էր Ռուսաստանին՝ Վրաստանում և Ուկրաինայում սկսած ագրեսիայի համար չպատժելը:
Թբիլիսիի քաղաքապետարանը վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ քաղաքային իշխանության կոմունալ «Թբիլսերվիսգրուպ» ընկերության համար ձեռք է բերել 74 միավոր հատուկ տեխնիկա:
Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիան համաձայն չէ Եվրոբասկետում Վրաստանի և Թուրքիայի միջև վիճելի խաղի հետ կապված Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) որոշման հետ, արդյունքը կբողոքարկի Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS):
Netflix ամերիկյան հայտնի մեդիաընկերության և վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի միջև դատական վեճն ավարտվել է համաձայնությամբ:
Ռուսթավի քաղաքում աուտիզմ ունեցող երեխաների համար վերականգնողական կենտրոն է բացվել։
Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով կքննարկի միասնական եվրոպական վճարային տարածքին (SEPA) Վրաստանի միանալու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,8657 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8376 լարի։